Ինչո՞ւ են լոռեցիները դեմ նոր հանքավայրի բացմանը
Հայաստանում մետաղական հանքերի թվով առաջատար մարզերից է Լոռին։ Չնայած դրան, մարզի ընդերքի նկատմամբ ՝ միջազգային ընկերությունների հետաքրքրութունը դեռևս չի սպառվել։
Ապրիլի 16-ին Լոռու մարզում նախատեսված էր «Լուսաջուր Վենչերզ Ինվեստ» ՍՊԸ-ի կողմից իրականցվող հերթական հանրային լսումը։ Սակայն հանրային ընդվզման արդյունքում՝ «ՀՀ Լոռի մարզի Հանքաձորի հանքային դաշտում 2021-2024 թթ. նախատեսվող երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման ծրագիր և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման» հայտի վերաբերյալ քննարկումները չկայացան: Բնակիչները չցանկացան լսել ոչ հանքավայրի և ոչ էլ՝ ուսումնասիրությունների մասին, քանզի աչքի տան ունեն Ալավերդու, Շնողի ու Թեղուտի օրինակները։
«Կտրականապես դեմ եմ որևէ հանքավայրի շահագործմանը, նույնիսկ հետազոտությանը, որը պետք է իրականացվի Լոռու մարզում։ Առանց այդ էլ մարզում շատ հանքեր կան, լրացուցիչ ևս մեկ հանքի ստեղծումը կխաթարի տեղի բնությունը։ Հանքը գտնվելու է Վանաձորի վերևի հատվածում՝ Մարգահովիտից դեպի Վահագնաձոր։ Այն Լոռու մարզի մնացած միակ մաքուր հատվածն է։ Այսինքն՝ մաքուր էկոմիջավայր ունենք հենց այս հատվածում։ Ստացվում է, որ եթե այդտեղ էլ հանք ունենանք, ողջ Լոռվա մարզը կվերածվի մի մեծ հանքավայրի և այլևս կարելի մոռանալ զբոսաշրջության մասին»,- Panorama.am-ի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչ, Արմենիա «Ռաֆտինգ ին Արմենիա» ընկերության հիմնադիր անդամ Վարդուհի Անանյանը։
Անանյանը նաև տեղեկացրեց, որ այդ հատվածում կան գործող հյուրատներ, սմարթ կենտրոն,որից օգտվում են մերձակա համայնքների երեխաներն ու կրթություն ստանում։
«Մարդիկ ներդրումներ են արել հյուրատներ կառուցել, կան նաև կառուցվողները։ Այս տարածքում կա հայտնի ՔՈԱՖ սմարթ գործող կենտրոնը։ Վահագնիում երկու նոր հյուրատներ են կաառուցվում։ Մարգահովիտում ևս կան հյուրատներ։ Այսինքն՝ զբոսաշրջությունը զարգանում է և կարելի է դեռ զարգացնել, պոտենցիալ կա, քանի որ Հայաստանի եզակի տարածքներից է։ Այստեղ բնությունը խիտ է և օդը մաքուր։ Մարդիկ գալիս են մարզ մարքուր օդի համար»,- ասաց Անանյանը։
Նրա խոսքով ՝ տպավորություն է, որ տնտեսության մի ճյուղին վնաս հասցնելով, փորձ է արվում մեկ այլ ճյուղ զարգացնել։ Բացի այդ կան բնապահպանական մեծ ռիսկեր, որոնց մասին տեղացիները բարձրաձայնեցին նաև բողոքի ակցիայի ընթացքում։
«Հանքի գոյության պարագայում կաղտոտվի Դեբետ գետի ջուրը, որն ապահովում է Վանաձոր համայնքի ջրամատակարարումը։ Գետից օգտվում են նաև շատ այլ համայնքներ ևս։ Արդյունքում կունենանք այնպիսի պատկեր, ինչպես՝ Շամլուղում է՝ գործազրուկ քաղաքացիներ և ապականված բնություն»,- ասաց լոռեցի մեր զրուցակիցը։
Մարգահովիտ, Դեբետ, Եղեգնուտ, Վահագնի և Վահագնաձոր համայնքերի բնակիրներն այն համոզված՝ Լոռվա բնությունը շարունակում է գրավել զբոսաշրջիկներին։ Եկամուտ հնարավոր է ստանալ այս կերպ, գուցե քիչ քանակով, սակայն ՝ երկարաժամկետ։
Այսպես, համաձայն Լոռու տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի ուսումնասիրության, Լոռու մարզ 2020թ-ի հունիս-օգոստոս ամիսներին գիշերակացով այցելել է 26 205 հայ զբոսաշրջիկ։ Ամենաշատը այցելել են՝ Երևանից, Գյումրիից, Կոտայքից, Տավուշից, Արարատից։ COVID-ով պայմանավորված օրտարերկրացիների հոսք մարզում չի գրանցվել։ Մինչդեռ, 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ Լոռու մարզ այցելել է 42 457 զբոսաշրջիկ, որոնց գերակշիռ մասն օտարերկրացիներ են եղել։
Զբոսաշրջիկների հետաքրքրությունը հաշվի առնելով, մարզում սկսել են զարգանալ ենթակառուցվածքները։ Կենտրոնի տվյալներով՝ 2020թ-ին մարզում բացվել են 20-ից ավելի նոր հյուրատներ, թեև կան արդեն իսկ գործող հյուրատներ,որոնք COVID19-ի պատճառով փակ են եղել,կաշխատեն 2021թ-ի ընթացքում։ Բացի Լոռու մարզի չնաշխարհիկ բնությունը և պատմամշակութային հայտնի վայրերը, զբոսաշրջիկներն օգտվում են նաև այլ զբոսաշրջային ծառայություններից։ Մասնավորապես ՝ քայլարշավ, ռաֆտինգ, լեռնագնացություն, հեծանվային արշավներ և այլ։
Ահա թե ինչու են տեղացիները դեմ նոր հանքավայրի բացմանը։
Հարակից հրապարակումներ`
- «Չեխերն ուզում են Լոռիում նոր հանք շահագործել»
- Հանքը չի բացվելու, չի լինելու ոչ մի հանրային լսում. Մարգահովիտում բողոքի ակցիա է
- «Մի նկարեք ինձ էսքան տխուր...Ալավերդին դարձել ա մի սոված-սոված տեղ»
- Ճիտին պարտքը՝ 22 մլն դրամ կամ բրոկոլիով Չիչխանավանք՝ ավելի լավ կյանքի համար
- Գեղասարի հարսները, տրակտորներն ու լոդրները
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան