Ռուբեն Գևորգյան. Մենք իրավիճակի թելադրանքով կամ հանգամանքների բերումով ստեղծվող կուսակցություն չենք
Այսօր ստեղծվեց «Ազգ, բանակ հայրենիք» կուսակցությունը։ Կուսակցության նախագահ ընտրվեց Ռուբեն Գևորգյանը։ Իր ելույթում Ռ. Գևորգյանը խոսելով կուսակցության ապագա գործունեության մասին, նշեց, որ կուսակցությունը ստեղծելու գաղափարը ծնվել է արտահերթ ընտրություններ հայտարարելուց առաջ։
«Մենք իրավիճակի թելադրանքով կամ հանգամանքների բերումող ստեղծվող կուսակցություն չենք։ Նորաստեղծ կուսակցության հավատամքն է՝ բացառապես ծառայել ժողովրդին ու պետությանը»,- ասաց կուսակցության նախագահը։
Ռ.Գևորգյանի խոսքով, իրենց կուսակցությունը չի ներկայանալու դասական կուսակցություններին բնորոշ՝ սեփական շարքերում ամփոփվելու, կուսակցականությանը բնորոշ կարծրատիպերում մեկուսանալու կամ նեղ կուսակցական շահերը բացարձակացնելու մոլորությանը տուրք տալով, այլ ելնելով հայ ժողովրդի ազգային, պետական շահերի գերակայությունից, ինչ-որ իմաստով հանդես է գալու նաև որպես վերկուսակցական քաղաքական կառույց։
Ռուբեն Գևորգյանն ասաց, որ ներկայիս իշխանությունների՝ երկրի ներսում թշնամիներ փնտրելու կամ հորինելու ու նրանց դեմ պայքար մղելու իմիտացիան անհնարին են դարձնում Հայաստանը մրցունակ ու ժամանակակից պետության վերածելու տեսլականը։
Նա նշեց, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու և երկիրը ոտքի կանգնեցնելու համար կենսական անհրաժետություն է պետության շահերով առաջնորդվող հասարակական, քաղաքական ուժերի համախմբումը։