Ֆրանսիան ազդարարել է 21-րդ դարի ամենամեծ գյուղատնտեսական աղետի մասին
Ֆրանսիայի իշխանությունները մեկ միլիարդ եվրո կհատկացնեն գյուղատնտեսության ոլորտին աջակցելու համար, որը վնասներ է կրել ուշ ցրտահարությունների պատճառով: Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսի խոսքերը հրապարակել է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Մենք այսօր գտնվում ենք Էրոյի դեպարտամենտում, այնուհետև կուղևորվենք դեպի հողատարածքներ, իսկ դրանից հետո՝ դեպի Պիրենեյան-Արևելյան նահանգներ: Մենք կլիմայական աղետից զգալիորեն տուժած գյուղատնտեսության աշխատողների կողքին ենք ... Մենք ականատես եղանք իսկական դրամայի, որը ապրեցին այս ոլորտի պրոֆեսիոնալները: Սա մարդկային դրամա է, տնտեսական դրամա, դրամա ամբողջ արդյունաբերության համար: Այն գյուղատնտեսական շատ աշխատողների գոյատևման խնդիր է»,-ասել է Կաստեքսը գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո:
Կառավարության ղեկավարը նշել է, որ պետությունը պետք է արձագանքի այս աղետին: «Բացառիկ հանգամանքներում` բացառիկ միջոցառումներ: Ես ուզում եմ տեղեկացնել պետության կողմից զգալի ջանքերի`մեկ միլիարդ եվրոյի հատկացման մասին, քանի որ իրավիճակն արդարացնում է նման միջոցառումները»,-ասել է Ֆրանսիայի վարչապետը:
Ավելի վաղ գյուղատնտեսության նախարարության ղեկավար Ժուլիեն Դենորմանդին նշել էր, որ Ֆրանսիայում ուշ ցրտահարություններն ազդել են մի քանի հարյուր հազար հա խաղողի այգիների, ծառերի և դաշտային մշակաբույսերի վրա:
«Հավանաբար այն ամենամեծ աղետն է գյուղատնտեսության ոլորտում XXI դարի սկզբից ի վեր»,-ասել էր նա:
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան