Իսրայելում հանում են դիմակները՝ բնակչության 70 տոկոսին պատվաստելուց հետո
Իսրայելի բնակիչներն այսուհետ կարող են փողոցում պաշտպանիչ դիմակներ չկրել: Երկրի առողջապահության նախարարությունը չեղյալ է համարել այս պարտադիր պայմանը՝ կապված կորոնավիրուսով վարակի մակարդակի իջեցման հետ:
Հունվարին ամեն օր վարակվածների թիվը կազմում էր շուրջ 10 հազար, այսօր այդ ցուցանիշը իջել է 200-ի: Դպրոցներում ամբողջությամբ դասերը վերսկսվել են: Խորհուրդ է տրվում շարունակել կրել պաշտպանիչ դիմակներ, երբ մասնակցում են զանգվածային բացօթյա հավաքույթների: Ներսում դիմակներ կրելը մնում է պարտադիր։ Այս մասին գրում է Euronews-ը։
Սա կապված է նաև այն հանգամանքի հետ, որ Իսրայելը բնակչության պատվաստումների քանակով համաշխարհային առաջատարն է, 16 տարեկանից բարձր երկրի բնակչության ավելի քան 70%-ը պատվաստվել է:
Իսրայելի իշխանությունները ծրագիր են մշակում մայիսի 23-ից կորոնավիրուսի դեմ պատվաստված օտարերկրյա զբոսաշրջիկների խմբեր ընդունելու մասին:
Երուսաղեմի բնակիչներն ասում են.
«Մարդկանց անվտանգության մասին հոգ տանելն էլ ազատություն է, բայց հաճելի է, որ դեմքին այլևս բան չկա: Երկու շաբաթից ես ամուսնանում եմ և ուրախ եմ, որ կարող եմ բոլորի հետ նշել: Առանց դիմակների լուսանկարները հիանալի կլինեն»։
«Թող յուրաքանչյուրն անի այն, ինչ կարծում է ճիշտ՝ այլևս դիմակ չկրել կամ շարունակել այն կրել: Կան մարդիկ, ովքեր դեռ պատվաստանյութ չեն ստացել, նրանք պետք է դիմակներ կրեն»: