Լրջորեն վտանգված են սահմանային բնակիչների կյանքի և հոգեկան անձեռմխելիության մի շարք իրավունքներ. ՄԻՊ
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը վստահեցնում է, որ երկրում այժմ առաջնահերթ խնդիր է համերաշխության, հանդուժողականության մթնոլորտի ապահովումը:
«Անհանդուրժողականության մակարդակը շատ մտահոգիչ է, վտանգավոր չափերի է հասնում, չկա վստահություն պոլիկլինիկաների նկատմամբ, քրեակատարողական հիմնարկներում շատ խնդիրներ կան»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա` հավելելով, որ արդեն պատրաստ է ՄԻՊ տարեկան զեկույցը, որում այդ խնդիրները հստակ մատնանշված են։
Անդրադառնալով սահմանային խնդիրներին՝ պաշտպանը նշեց, որ սահմանային բնակիչների իրավունքների հետ կապված խնդիրներ կան, քանի որ բնակիչների իրավունքների կոպիտ խախտումներ են արձանագրվել:
«Սյունիքում պատերազմից հետո ադրբեջանական զինված ուժերի հայտնվելը ամբողջությամբ հակասում է միջազգային իրավունքի, մարդու իրավունքների սկզբունքներին և ապալեգիտիմ է։ Դրա արդյունքում կոպտորեն խախտված են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները` սեփականության, ձեռնարկատիրական գործունեության և այլն, լրջորեն վտանգված են կյանքի, առողջության, ֆիզիկական և հոգեկան անձեռմխելիության և ազատ տեղաշարժի մի շարք իրավունքներ»,- շեշտեց նա:
Ըստ Արման Թաթոյանի, պետք է ստեղծվի անվտանգության գոտի, և ադրբեջանական զինված ուժերը, սահմանապահ զորքերի ծառայողները` իրենց ցուցանակներով, դրոշներով, ցանկացած ներկայությամբ պետք է այդտեղից հեռանան:
«Սահմանի հետ կապված որևէ գործընթաց չպետք է մարդկանց բնականոն կյանքը խաթարի»,- նկատեց նա:
Պաշտպանը նշեց, որ Ադրբեջանի նպատակներից է նաև, օգտագործելով հայկական կողմից գերիներ ունենալու փաստը, լարված պահել մթնոլորտը Հայաստանում։
«Լրատվամիջոցների հրապարակումներ կային, որ նրանք տարածքաին հարցերի դիմաց են ուզում վերադարձի հարց քննարկել, դրանք պատերազմական հանցագործության հասնող արարքներ են: Ռազմական գործողությունների դադարից անմիջապես հետո պետք է վերադարձնեին մեր հայրենակիցներին՝ առանց որևէ նախապայմանի: Ադրբեջանի իշխանությունները տապալում են մարդու իրավունքների միջազգային սկզբունքները։ Ու եթե միջազգային կառույցները չարձագանքեն այդ խախտումներին, դա կնշանակի, որ նրանք խրախուսում են դա, և վտանգավոր նախադեպ է ստեղծվում»,- եզրափակեց խոսքը Արման Թաթոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մեր երկրում կան պաշտոնյաներ, որոնք զբաղված են անօրինական արարքներ կատարելով. ՄԻՊ
- Միջազգային հանրությունը պետք է ստիպի Ադրբեջանին հրաժարվելու պատմությունը աղավաղելու քաղաքականությունից. Արցախի ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան