Հայ ռազմագերիների հարցը՝ այսօր մեկնարկող ԵԽԽՎ նստաշրջանում
Այսօր մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, որը կանցկացվի ապրիլի 19-22-ը՝ հիբրիդային ձևաչափով՝ անդամներին հնարավորություն տալով հեռակա կամ անձամբ մասնակցել Ստրասբուրգում կայանալիք նիստերին:
Վեհաժողովի օրակարգում ընթացիկ հարցերի տակ առաջարկվել է անցկացնել քննարկում՝ «Հայ ռազմագերիների, գերիների և տեղահանվածների վերաբերյալ»։ Առաջարկը հավանության է արժանացել ԵԽԽՎ Բյուրոյի կողմից, որն ի գիտություն է ընդունել ԵԺԿ խմբի կողմից ներկայացված առաջարկը հայ ռազմագերիների վերաբերյալ, և որոշել է Վեհաժողովին առաջարկել այս քննարկումն անցկացնել և որպես առաջին բանախոս նշանակել Ալեն Միլոնին։
Հայ ռազմագերիների վերաբերյալ քննարկումը նախատեսված է անցկացնել երեքշաբթի օրը։
Նշենք, որ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում, Նախարարների կոմիտեում նախագահության շրջանակներում, ելույթ կունենան Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Եվրոպայի պետնախարար Մայքլ Ռոթը։
ԵԽԽՎ-ում ելույթ կունենան նաև Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, Եվրախորհրդարանի նախագահ Դավիթ Սասոլին և կազմակերպության գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը:
Այս նստաշրջանում Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը կներկայացնի իր տարեկան՝ 2020թ-ի զեկույցը, ինչպես նաև վեհաժողովի ժամանակ կհանձնվի Վացլավ Հավելի անվան Մարդու իրավունքների մրցանակը:
Բացի այդ, վեհաժողովին առաջարկվել է անցկացնել «Ալեքսեյ Նավալնիի ձերբակալումը և կալանավորումը 2021-ի հունվարին» և «Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» թեմայով հրատապ բանավեճեր:
Օրակարգի թեմաներն են՝ քննարկում Եվրոպայի խորհրդի ռազմավարական գերակայությունների վերաբերյալ Վեհաժողովի տեսլականի և համատեղ քննարկում Բելառուսում մարդու իրավունքների խախտումների և ընտրական բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ:
Վեհաժողովն իր վերջնական օրակարգը կհաստատի նստաշրջանի բացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին