Ապրիլի 24-ին ժամը 9-10-ը մուտքը դեպի Ծիծեռնակաբերդ ժամանակավորապես կսահմանափակվի
«Ապրիլի 24-ին առավոտյան ժամը 9-ից 10-ը մուտքը դեպի Ծիծեռնակաբերդ ժամանակավորապես կսահմանափակվի՝ պաշտոնական պատվիրակությունների այցելությունների հետ կապված»,- այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտնեց ՀՀ պետական միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ներկայացնելով Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը կազմակերպված միջոցառումները:
Նա քաղաքացիներին խնդրեց ձեռնպահ մնալ այդ մեկ ժամվա ընթացքում Ծիծեռնակաբերդ այցելությունից, որպեսզի կուտակումներ չլինեն, քանի որ հանրապետությունը շարունակում է համավարակային իրավիճակի մեջ լինել:
Հարությունյանն ընթերցեց ՀՀ պետական միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողովի հաստատած միջացառումները, որոնք նախատեսվում են ապրիլի 23-ին և 24-ին:
Նրա խոսքով՝ «Հիշատակի եռերգություն» կոչվող միջոցառումների շարքում ապրիլի 23-ին ժամը 23:00-ին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում կկատարվի Ջուզեպե Վերդիի ռեքվիեմը, որի ժամանակ հանդես կգան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Պետական ակադեմիական երգչախումբը:
Բանախոսի ներկայացմամբ՝ ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը՝ ուղիղ կեսգիշերին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային երգչախումբը և «Հովեր» պետական կամերային երգչախումը կներկայացնեն Մոցարտի «Ռեքվիեմը»: Համերգը կղեկավարի գերմանաբնակ դիրիժոր Ալեքսանդր Իրադյանը:
«Ապրիլի 24-ին՝ ժամը 19:15-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկատարվի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»՝ Հայաստանի ազգային սիմֆոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ: Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներ»,-հայտնեց Հարությունյանը:
Նրա խոսքով, ապրիլի 21-ին՝ ժամը 12:00-ին, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կկազմակերպվի ժամանակավոր ցուցադրություն՝ «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հետքերով» խորագրով: Ցուցահանդեսը կտևի մինչև սեպտեմբերի 10-ը, իսկ ապրիլի 27-ին տեղի կունենա ավանդական ծաղկահավաք, խոնարհված ծաղիկները կհավաքվեն, դրանց թերթիկներից թուղթ կպատրաստվի, որը, ինչպես միշտ, օգտագործվում է շնորհակալագրեր ուղարկելու համար:
Ա.Հարությունյանը հայտնեց, որ ապրիլի 24-ին մի շարք ճանապարհներ փակ են լինելու, մասնավորապես՝ Հաղթանակի կամրջից մինչև Լենինգրադյան փողոց երկկողմանի հատվածը, Վերֆելի փողոցի վերին հատվածից դեպի Բրազիլիայի հրապարակ ընկած հատվածը:
Նրա տեղեկացմամբ, ապրիլի 24-ին «Հրազդան» ստադիոնից երկու ուղղությամբ անվճար երթուղի է գործելու՝ մեկը մինչև մետրոյի «Զորավար Անդրանիկ», մյուսը՝ մինչև «Բարեկամություն» կայարան, իսկ Երևանի մետրոպոլիտենը ապրիլի 24-ին աշխատելու է մինչև ժամը 01:00-ը:
ԱԳ նախարարի խորհրդական Մարթա Այվազյանն էլ տեղեկացրեց, որ ապրիլի 24-ին Երևանի քաղաքապետարանի նախասրահում ԱԳՆ-ն ցուցահանդես է կազմակերպելու դիվանագիտական ներկայացուցչությունների անդամների, նաև քաղաքացիների համար՝ նվիրված Արցախում պատմամշակութային հուշակոթողների պահպանման խնդրին:
Ըստ Այվազյանի՝ ցուցահանդեսը կրելու է «Վտանգված ժառանգություն» խորագիրը: Ցուցադրվելու են 100-ից ավելի լուսանկարներ, ձեռագործ գորգեր, կարպետներ, որոնք ցույց են տալու Արցախի վտանգված ժառանգությունը: Ցուցահանդեսը բաց կլինի ապրիլի 25-ից մինչև մայիսի 2-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան