ԵՄ-ն Վրաստանին առաջարկում է արտահերթ ընտրություններ անցկացնել 2022-ին՝ ճգնաժամը հաղթահարելու համար
«2021 թվականի ապրիլի 16-ին «Վրացական երազանքի» կողմից արված առաջարկի համաձայն, 2022 թվականին կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները, եթե «Վրացական երազանք» կուսակցությունը 2021 թվականի հոկտեմբեր ամսվա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ստանա գործող համամասնական ձայների 43 տոկոսից պակաս», – այս մասին ասվում է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից ներկայացված նոր առաջարկության մեջ, որը տարածել է ԵՄ պատվիրակությունը, գրում է վրացական Առաջին ալիքը։
Նշվում է, որ կողմերը հաշվի են առնում ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի կողմից տրված գնահատականը, որում ասվում է, որ «հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունները մրցակցային էին և, ընդհանուր առմամբ, պաշտպանված էին հիմնարար ազատությունները: Այնուամենայնիվ, ընտրողների ճնշման մասին մեղադրանքները և իշխող կուսակցության և պետության միջև սահմանի խզումը խաթարել է հասարակության վստահությունը գործընթացի որոշ ասպեկտների նկատմամբ։
Կողմերը տեղյակ են 2020 թվականի ընտրությունների տարբեր գնահատականների մասին և պայմանավորվում են զբաղեցնել խորհրդարանական աթոռները և մասնակցել առաջիկա ընտրություններին՝ Վրաստանի քաղաքական կայունության և այս համաձայնագրի իրագործման համար՝ վերը նշված համաձայնեցված ընտրական բարեփոխումների հիման վրա:
«2021 թվականի հոկտեմբերի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար Վրաստանի իշխանությունը պետք է միջազգային դիտորդական առաքելություն պահանջի»,- ասվում է փաստաթղթի հինգերորդ կետում:
Նշենք, որ քաղաքական ճգնաժամը Վրաստանում շարունակվում է արդեն վեց ամիս: Անցյալ տարվա նոյեմբերին ընդդիմությունը հրաժարվեց ճանաչել աշնանային խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ մեղադրելով իշխանություններին քվեարկության արդյունքները կեղծելու մեջ: Մինչ այժմ իշխանությունների հակառակորդների մեծ մասը հրաժարվում է աշխատել նոր խորհրդարանում:
Իրավիճակն ավելի վատացավ փետրվարի 23-ին, երբ ոստիկանությունը ձերբակալեց ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավար Նիկա Մելիային: Միևնույն ժամանակ, քաղաքական գործչի ձերբակալությունից հինգ օր առաջ վարչապետ Գիորգի Գախարիան հրաժարական տվեց՝ այս հարցի շուրջ կառավարության թիմի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: