Ցեղասպանությունը ներառում է նաև մշակութային ինքնության ոչնչացում. Մարթա Այվազյան
«Ցեղասպանությունը, որը հանցագործություն է՝ միտված ոչնչացնելու մարդկանց ինքնությունը, նաև ներառում է մշակութային ինքնության ոչնչացում»,- Ապրիլի 24-ին կազմակերպվելիք միջոցառումների ներկայացման նպատակով հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց ԱԳ նախարարի խորհրդական Մարթա Այվազյանը:
Նա տեղեկացրեց, որ «Վտանգված ժառանգություն» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա ապրիլի 24-ին՝ արտերկրից Ցեղասպանության տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան ժամանող պատվիրակությունների ներկայացուցիչների համար:
ԱԳ նախարարի խորհրդականի ներկայացմամբ, այդ միջոցառման ժամանակ ցուցադրվելու են 100-ից ավելի լուսանկարներ, ձեռագործ գորգեր, գրքեր, մանրանկարչության գործեր, որոնք ստեղծված են թե՛ Շուշիում, թե՛ Արցախի այլ բնակավայրերում:
«Դրանք ցույց են տալու Արցախի մեր հարուստ ժառանգությունը, որն այժմ վտանգված է և այդ երևույթն, որպես այդպիսին կոչվում է մշակութային ցեղասպանություն»,- հայտարարեց Այվազյանը և հավելեց, որ այդ հիմնարար խնդրի վրա միջազգային հանրության ուշադրությունը բևեռելու համար էլ «Մշակութային դիվանագիտության հարթակը» կազմակերպել է այդ ցուցահանդեսը:
Մարթա Այվազյանը նաև տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ կա հաստատված 10-ից ավելի երկրների պատվիրակությունների ժամանման մասին տեղեկություն:
Չցանկանալով թվարկել դրանք, քանի որ գործընթացը դեռ չի ավարտվել՝ դիվանագետը միայն հայտնեց, որ Հայաստան են ժամանելու Լատինական Ամերիկայի, Եվրոպայի, Ասիայի երկրների պատվիրակները:
ՀՀ պետական միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը հավաստիացրեց, որ չնայած կորանավիրուսի համաճարակին, բավականին բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված պատվիրակություններ են ժամանելու Հայաստան:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Մարթա Այվազյանը հայտնեց, որ Թուրքիայի հետ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ չի իրականացվում և չի էլ նախատեսվում անցկացնել որևէ բանակցություն:
«Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը մնում է մեր գերատեսչության առաջնային ուղղություններից և մենք որևէ առիթ բաց չենք թողնում համապատասխան հարթակներում այս հարցը բարձրացնելու համար»,- հայտնեց Այվազյանը և նկատեց, որ նաև երկկողմ հարաբերություններն են օգտագործում Ցեղասպանության փաստի հնարավորինս լայն ճանաչման համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան