Անգելա Մերկել․ Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Բելառուսում, Ղրիմում ավելին է, քան անհանգստացնող
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում, որն անցկացվում է ապրիլի 19-22-ը, այսօր տեսակապով ելույթ ունեցավ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Նախարարների կոմիտեում նախագահության շրջանակներում։
70 տարի առաջ Գերմանիան դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ ու նրա անդամակցությունը կարևոր քայլ էր՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ու Գերմանիային առաջարկվեց հնարավորություն հաշտեցման համար, ասաց Մերկելն իր ուղերձի սկզբում։
«Եվրոպայի խորհուրդն ամփոփում է մեր ըմբռնումը որպես եվրոպացիներ, արժեքները, որ միավորում են մեր հասարակությունները։ Այս պատճառով մենք նվիրված ենք պահպանենլու ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները»,-ասաց Մերկելը, կարևորելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ընդունումը, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին իրենց երկներին տանել ՄԻԵԴ, եթե խախտվել է իրենց իրավունքները։
Մերկելի խոսքերով, «ավելի լավ ապագայի վերաբերյալ մեր հույսերից շատերը Երկրորդ համաշխարհայինից հետո, իրականացվել են», անդամ երկրներից մեծամասնությունը համապատասխանում է չափանիշներին։
«Խաղաղությունը, կայունությունն ու անվտանգությունը չի կարելի ընդունել որպես շնորհ։ Իրավիճակը Բելառուսում, Ուկրաինայի արևելքում, Ղրիմում, Մերձդնեստրում, Հարավային Օսեթիայում, Աբխազիայում, Լեռնային Ղարաբաղում, նաև Սիրիայում, Լիբիայում ավելին է, քան անհանգստացնող։ Մեր շուրջբոլորը մենք տեսնում ենք, որ մարդու հիմնարար իրավունքները, ոչ պակաս արտահայտման իրավունքը, կրճատվում են»,-ասաց Մերկելը, նշելով, որ եթե խուսափեն այս հարցերին պատասխաններից, ապա այն հարցականի տակ կդնի ընդհանուր Եվրոպական տեսլականը։
Օրենքի գերակայությունը պետք է ծառայի վստահություն ստեղծելու համար ոչ միայն երկրների ներսում, այլ նաև միջազգայնորեն: Մերկելի խոսքերով, կանոնների ընդհանուր փաթեթը, որը յուրաքանչյուրը պահպանում է, հուսալի հիմք է հանդիսանում պետությունների միջև խաղաղ հարաբերությունների համար։
«Եթե պետության սուվերենությունը չարաշահվում է, օրինակ Ղրիմում ու Լեռնային Ղարաբաղում, ապա մենք բոլորս վտանգի տակ ենք»,-ասաց Մերկելը, հավելելով, որ ԵԽ-ն կարող է խաղալ վճռական դեր վստահության ստեղծման համար խորհրդարանների ու պետությունների միջև։