ՀՀ-ն կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը՝ Ալիևի հայտարարությանը
«Խստորեն դատապարտում ենք Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նախագահի նկրտումները և ուժ կիրառելու սպառնալիքները»,- ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին, թե Ադրբեջանի նախագահն ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում հանդես է եկել Հայաստանի նկատմամբ ուժի կիրառման սպառնալիքներով, խնդրում ենք Ձեր մեկնաբանությունն այդ առնչությամբ:
Նա նշել է. «Նման հայտարարությունները լրջորեն վնասում են տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը: Դրանք բացահայտում են խաղաղության և հաշտության վերաբերյալ վերջին ժամանակներում Ադրբեջանի հայտարարությունների սին և կեղծ բնույթը:
Հատկանշական է, որ նման սպառնալիքներ արվում են Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ և նպատակ ունեն ուժի դիրքերից խոսելու հայ ժողովրդի հետ:
Մենք մշտական կապի մեջ ենք մեր ռազմավարական դաշնակցի, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղությամբ շահագրգռված բոլոր գործընկերների հետ:
Հայաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար»:
Ադրբեջանի նախագահ Ալիևը ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկին ասել էր. «Մենք կիրագործենք Զանգեզուրի միջանցքի ստեղծման առաջադրանքը, ցանկանա դա Հայաստանը, թե ոչ: Եթե Հայաստանը ցանկանա, դա հեշտ կարելի է լուծել, եթե չցանկանա, մենք դա ուժով կլուծենք։ 101 տարի անց ադրբեջանցի ժողովուրդը կվերադառնա Զանգեզուր»:
Հարակից հրապարակումներ`
- Ռազմավարի պուրակով Ալիևը միացավ Հիտլերին և Սադամ Հուսեյինին. Մարուքյան
- Լուկաշենկոն մանրամասներ է հայտնել , թե Փաշինյանից առաջ Հայաստանին ինչ է առաջարկել Ալիևն ու մերժում ստացել
- Ալիևը՝ «Հայաստանի հետ սահմանին ռազմական պլանների, Մինսկի խմբի, հայկական բանակի բարոյալքվածության մասին»
- Ալիև․ Զանգեզուրը թյուրքական աշխարհը միավորելու դեր կկատարի
- Ադրբեջանցի քաղաքական գործիչ․ Հաջորդ տարի Բայրամը նշենք Զանգեզուրում
- Վարուժան Գեղամյան․Ալիևը հայտարարեց՝ «Զանգեզուրը, Գյոյչան, Իրևանի շրջանը մեր պատմական հողն է»