Սամվել Մհերյանի «Մենավոր Բազեն»՝ թուրքերեն
Ս․ Էջմիածնի Մատենադարանը և «Խնուս» մշակութային հիմնադրամը Ցեղասպանության հիշատակի օրվան ընդառաջ համատեղ կազմակերպել են Սամվել Մհերյանի «Մենավոր Բազեն» («Yalniz Sahin», ՖԱՄ հրատարակչություն, Ստամբուլ, 2020) պատմավեպի թուրքերեն թարգմանության շնորհանդեսը։ Այս մասին տեղեկանում ենք «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի ֆեյսբուքյան էջից:
Պատմավեպը հանդիսանում է Արևմտյան Հայաստանի Խնուս գավառում 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած անցուդարձի գեղարվեստական նկարագրությունը, որն իր մեջ ներառում է և հայերի ցեղասպանության ողբերգական դրվագները, և խնուսցիների հերոսական ինքնապաշտպանությունը:
Գրքում ներկայացվում են հայ նահապետական տների և քրդական ցեղապետերի միջեւ տեղի ունեցած բախումները. դավադրություններ, վրեժխնդրություն՝ ուղեկցված սիրային, հերոսական ու հուզական տեսարաններով ու պատմություններով:
Լուսաբանվում է պատմական դերակատարություն ունեցած հայորդիների անուններն ու գործը, որոնք բարոյականության, քաջության ու հայրենասիրության վառ արտահայտություն են:
Ներկայացվում է, թէ ինչպիսի անդրադարձ ունեցան Խնուս գավառի վրա 1895 թ. Սասունի ապստամբությունը եւ Սուլթան Աբդուլ Համիդի ընդունած 1908 թ. սահմանադրությունը: Գիրքն ավարտվում է 1915 թ. Հայոց Մեծ Եղեռնի նկարագրությամբ:
Պատմաճանաչողական քարոզչություն իրականացնելու նպատակով գրքի որոշակի քանակություն մատակարարվել է ներկայումս Խնուսում եւ Մուշում բնակվող՝ դավանափոխ եղած հայերի ժառանգներին՝ ապագայում նրանց հայացքները դեպի Մայր Եկեղեցի ուղղելու հեռանկարով:
Ելույթներով և բանախոսություններով հանդես կգան պատմաբաններ, բանասերներ և արևելագետներ։
Շնորհանդեսը տեղի կունենա Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում ապրիլի 22-ին: