Անգլիական ակումբներից մեկը կարող է դուրս գալ Սուպերլիգայից
Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբներից մեկը կարող է դուրս գալ Սուպերլիգայից, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Հրապարակման համաձայն, թիմի ղեկավարությունը, որի անունը չի նշվում, զարմացել է երկրպագուների բացասական արձագանքից՝ նոր մրցաշարի վերաբերյալ: Ակումբի որոշ գործիչներ կարծում են, որ չարժե դեմ գնալ սեփական երկրպագուներին:
Ապրիլի 19-ի գիշերը Սուպերլիգային մասնակցության հայտ են ներկայացրել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը», «Չելսին», «Տոտենհեմը», իսպանական «Բարսելոնան», «Ռեալը», «Ատլետիկոն», ինչպես նաև իտալական «Ինտերը», «Միլանը» և «Յուվենտուսը»: Նոր մրցաշարին մասնակցելու է 20 թիմ, նրանցից 15-ը հանդես կգան մշտական կազմերով։
Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենը», գերմանական «Բավարիան» ու Դորտմունդի «Բորուսիան», պորտուգալական «Պորտուն» հրաժարվել են մասնակցել Սուպերլիգային:
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) ղեկավար Ալեքսանդր Շեֆերինն ասել է, որ ակումբներին և ֆուտբոլիստներին, որոնք կմասնակցեն Սուպերլիգային, կարգելվի մասնակցել ազգային առաջնություններին և միջազգային մրցաշարերին: