ՌԴ-ն խստացնում է մուտքի պայմանները նաև հայերի համար
«ՀՀ քաղաքացիների մի ստվար զանգված առնչվելու է այս խստացումներին»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ միգրացիոն ծառայության հանրայիկ կապերի պետ Նելլի Դավթյանը՝ անդրադառնալով ՌԴ-ում միգրացիոն օրենսդրության խստացումներին։
Նրա խոսքով, ՌԴ-ում Հայաստանից 61 հազար միգրանտեր կան, որոնց մուտքը ինչ-ինչ պատճառներով համարվել է անօրինական։
«Զգուշացում է տարածվել, որ արդեն իսկ ՌԴ-ն պատրաստում է սանկցիաներ, որ պետք է կիրառվեն այս թիրախային խմբի նկատմամբ, և նրանք հորդորում են, որ մինչև հունիսի 15-ը երկրի տարածքը լքեն անօրինական միգրանտի կարգավիճակում գտնվող քաղաքացիները։ Այդ մասին անցյալ ուրբաթ ՌԴ ՆԳ նախարարի առաջին տեղակալն է նշել, ապա հայտարարությունը տարածվեց նաև ՀՀ-ում»,- ասաց նա։
Նելլի Դավթյանը տեղեկացեց, որ բացի դա կան նաև այլ կոշտ խստացումներ, օրինսկ՝ հուլիսի 7-ին ուժի մեջ կմտնի միջազգային փոխադրումների իրականացման նկատմամբ կիրառվող վերահսկողության մասին օրենքը։
«Խոսքն այն մասին է, որ օտարերկրյա փոխադրողը, երբ ՌԴ սահմանը հատում է, և նա, կամ իր ներկայացրած կազմակերպությունը սահմանահատման պահին ունի չվճարված տուգանք, ապա այդ պահից սկսած նա 3 ժամ ունի տուգանքը վճարելու և շարունակելու ճանապարհը։ Հակառակ դեպքում նրա մուտքը կարգելվի։ ՌԴ-ում էլ երթևեկության կանոնները խախտելու դեպքում սահմանի վրա վարորդը խնդիր է ունենալու և ստիպված է լինելու նախ տուգանքը վճարել, ապա շարունակել ճանապարհը»,- նշեց բանախոսը։
Նա տեղեկացրեց, որ Պետդումայում շուտով ավելի գլոբալ փոփոխություններ ևս պետք է քննարկվեն, որոնք նախատեսում են ինչպես ընթացիկ ակտերի բազմապատիկ խստացումներ, այնպես էլ էմիգրացիոն քաղաքականության փոփոխություններ։
«Հայկական Կարիտաս» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, Տաթևիկ Բեժանյանն էլ նկատեց՝ ՌԴ մուտք գործելու համար օրենքը գործում է, և հուլիսի 7-ից ուժի մեջ կմտնի դրույթը, ըստ որի՝ ՌԴ-ում գտնվելու պարագայում եթե քաղաքացիներն ունեն խախտումներ և պետք է սահմանը հատեն, նախ պետք է տուգանքը վճարեն։
«Առաջարկվու է տարվա մեջ առանց թույլատվական փաստաթղթերի (վիզա) ՌԴ-ում գտնվել ընդամենը 30 օր, նախկին 180 օրվա փոխարեն։ Իսկ այդ ժամկետից ավելի մնալու համար քաղաքացին պետք է բուժզննում անցի, հանձնի մատնահետք, ունենա կամավոր բժշկական ապահովագրություն, հանձնի քննություն ռուսաց լեզվից, Ռուսաստանի պատմությունից, մշակույթից, ձևակերպի ID քարտ՝ չիպով, որին պետք է հետևեն գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգեր։ Սա վերաբերում է օտարերկրացու՝ 31-90 օր ՌԴ-ում գտնվելուն։ Ներկայումս այս ժամկետը խախտողները, եթե այս ժամկետը խախտում են, 3 տարի ժամկետով մուտքի արգելք են ստանում»,- ներկայացրեց նա։