Ամեն օր ադրբեջանցիները կադրեր են գցում, թե ինչպես են տանջամահ անում մեր երեխաներին. Զոհված զինծառայողի հայր
Հայաստանում ՌԴ դեսպանության մոտ հավաքվել են անհետ կորած, զոհված զինծառայողների հարազատները, խնդրում են հանդիպում ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ՝ խնդրելու ՌԴ-ին օգնել Հայաստանին վերադարձնել գերիներին:
«Անհետ կորած երեխաների ծնողներով հավաքվում ենք, քանի որ շատ ենք դիմումներ գրել, առ այսօր պատասխան չենք ստացել: Այսօր մի պատասխան տվողն ել ՌԴ-ն է, քանի որ կնքած պայմանագիր կա, որ հողերը տալու դեպքում պետք է մեր երեխաներին հետ վերադարձնեն: Հողերը տվել ենք, երեխաներին հետ չեն տվել: Ամեն օր ադրբեջանցիները կադրեր են գցում, թե ինչպես են տանջամահ անում մեր երեխաներին»,- լրագրողներին ասաց զոհված զինծառայողներից մեկի հայրը՝ Ռոման Գևորգյանը:
Նա նշեց, որ գերիների հարցը մնացել է օդում կախված, պատրաստ են դիմել ամեն տեղ, եթե մարդկային լեզվով չհասկանան, ծնողները պատրաստ են ամեն ինչի:
«Ակտիվ ծնողները, որոնք միշտ խոսում են, պահանջում են, խնդիրներ են առաջացնում, մեկ օր անց իրենց ԴՆԹ հաստատվում է: Անհասկանալի է սա, ոչ մեկ չի հավատում, որ իրենց երեխաներն են: Ոչ ոք չի հավատում: Այնպիսի վիճակ է, ոնց որ ասեն՝ բրդենք, գնանք, մեշոկը տալիս են ու ասում են՝ ձերն է, մենակ ոսկորներ են:
Հանելու եմ իմ երեխայի դին գերեզմանից, բերեմ, դնեմ կառավարության դիմաց, ոնց տվել եմ, իմ երեխուն բերեն տան ինձ:
Խնդրում ենք բոլորին՝ ոտքի կանգնել, այսօր անհետ կորած երեխաները բոլորի երեխաներն են, ազգի համար են կորել: Բոլորս միասնական լինենք, մեր երեխաներին մեկ վայրկյան շուտ հետ բերենք»,- ասաց Ռ.Գևորգյանը:
Նա նշեց, որ այսօր Հայաստանն ունի 800-ից ավելի գերի:
«Հաստատ կա: Հարցն այն է, որ ջանքեր գործադրեն ու բերեն այս երեխաներին: Եթե չբերեն, երկրի վիճակը ահավոր է լինելու, ոչ մի ծնող թույլ չի տա, որ մարդիկ հանգիստ ապրեն: Պետք է մեր երեխաներին հետ տան մեզ:
Մենք պարտադրելու ենք, պետք լինի՝ ամբողջ քաղաքն էլ կփակենք, մեզ ոչ ոք չի կարող կանգնեցնել: Մի քիչ ոտքերը պնդացրել են, մտածում են՝ վերջ, մոռացան հերոսների, անհետ կորածների ծնողներին: Առաջ շաբաթը տաս անգամ կընդունեին, հիմա պետք է հերթագրվես, սպասես, ասում են՝ խառն է պարոն Փաշինյանը: Բա որ մեզ չընդունի, ո՞ւմ պետք է ընդունի»,- ասաց զոհված զինծառայողի հայրը:
Նրանց չհաջողվեց հանդիպել դեսպանի հետ, խնդրեցին, կոչ արեցին բոորին ոտքի կանգնեն, վաղը ժամը 12:00-ին լինեն ՌԴ դեսպանության դիմաց, որից հետո կշարժվեն կառավարություն:
Հարակից հրապարակումներ`
- Անհետ կորածների և գերիների հարազատները Կառավարության շենքում են
- Անհետ կորածի ծնող. Մենք ամեն ինչի ընդունակ մարդ ենք, թող մեզ հունից չհանեն
- Անհետ կորածների ծնողները կառավարության շենքի դիմաց են
- Այս մարդիկ բացարձակապես չեն տիրապետում իրավիճակին. անհետ կորած զինծառայողի հարազատ
- «Հեռացեք, որ գերիները վերադառնան, անհետ կորածները գտնվեն, հերոս տղերքի ծնողները գոնե մի փոքր խաղաղվեն»
- Նախքան Քելբաջարը տալը, գերիներին թող ուզեին ու նոր տային. անհետ կորած զինծառայողի հայր