Ռազմագերիները պետք է վերադարձվեն՝ առանց եթե-ների ու բայց-երի․ քննարկում ԵԽԽՎ-ում
«Մենք չպետք է օգտագործնեք այս ֆորումը բարձրաձայնելու հակամարտությունների մասին, այլ պետք է հարգենք հրադադարը։ Եղել են գերիների փոխանակումներ Հայստանի ու Ադրբեջանի միջև, Լիբանանից կինը վերադարձել է, սակայն դեռևս կան անհայտ կորածներ, զգալի թվով զինվորներ, որոնք ռազմագերիներ են Ադրբեջանում»,- ԵԽԽՎ-ում «Հայ ռազմագերիների, այլ գերիների և տեղահանվածների վերաբերյալ» քննարկմանը հայտարարեց ավստրիացի պատգամավոր, Ադրեբաջնի հարցով համազեկուցող Ստեֆան Շենախը։
Շենախի խոսքերով, 30 տարի արյունալի պատերազմից հետո կարևոր է առաջ գնալ դեպի հաշտեցում ու կոչ արեց Ադրբեջանին. «Եկեք չսակարկենք այն մասին, թե հայ զինծառայողները գերության մեջ հայտնվել են համաձայնագրի ստորագրումից առաջ, թե հետո։ Նրանց պարզապես պետք է թողնել գնան տուն՝ առանց եթե-ների ու առանց բայց-երի»,- ասաց Շենախը։
Եթե կան պատերազմական հանցագործությունների մեղադրանքներ, ապա, Շենախի խոսքերով, կան միջազգային կառույցներ դրանց համար։
«Լեռնային Ղարաբաղի դրաման չի ավարտվի, քանի դեռ կան ռազմագերիներ»,-ասաց ֆրանսիացի պատգամավոր Ալեքսանդրա Լուիսը։
Լուիսը վկայակոչեց եռակողմ հայտարարությունը, որ բոլոր գերիներն ու ռազմագերիները պետք է վերադարձվեն, ասելով, որ Հայաստանը հարգել է այն, Ադրբեջանը՝ ոչ։ Ավելի քան 200 գերիներ մնում են Ադրբեջանում, ինչը Ժնևի կոնվենցիայի խախտում է։
«Կարևոր է հիշեցնել, որ կա սկզբունք, որը ռազմական գործողություններից հետո ձերբակալումներն անօրինական են։ Այս մարդիկ ռազմագերիներ են ու պետք է հայրենադարձվեն»,-ասաց պատգամավորը։
Խոսվեց նաև ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանի կողմից անմարդկային վերաբերմունքի մասին, որոնք տարածվում են համացանցում՝ այն անվանելով պատերազմական հանցագործություններ են։
«Ռազմավարի այգու բացումը առավել է թեժացնում է ատելության ու թշնամության վիճակը»,-ասաց պատգամավորը։
Բրիտանացի պատգամավոր Փոլ Գավանը ևս կոչ արեց անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, մտահոգիչ համարելով այս մարդկանց ճակատագիրը՝ հաշվի առնելով անմարդկային վերաբերմունքը, ինչն արձանագրել է HRW-ը։
Պատգամավորը նշեց, որ Ադրբեջանը պետք է ամբողջովին համագործակցի ՄԻԵԴ-ի հետ, տեղեկություններ տրամադրի ու ապահովի նրանց վերադարձը։
«ՀՀ-ն ու Ադրբեջանը պետք է համագործակցեն՝ առանց նախապայմանների, գտնելու անհայտ կորածների հետ կապված հումանիտար խնդիրներին լուծումներ, բոլոր գերիներին ազատ արձակելու համար։ Պատերազմի արդյունքում հարյուր հազար հայեր տեղահանվեցին, որից մոտ 50 հազարը կարողացել է վերադառնալ իրենց տներ։ Չի կարող լինել այս երկարատև հակամարտության հումանիտար հետևանքների լուծում, քանի դեռ քաղաքական լուծում չի գտնվել։ Հայաստանն ու Ադրբեջանը ընդհանուր պատասխանատվություն ունեն խաղաղություն կառուցելու»,-ասաց պատգամավորը։