Էլինար Վարդանյան. Անթույլատրելի է երեխաներին օգտագործել որպես քաղաքական նպատակներին հասնելու գործիք
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ, ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Էլինար Վարդանյանի հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջությամբ.
«Թեև Հայաստանում արտահերթ ընտրություններ պաշտոնապես չեն նշանակվել, իշխանություններն արդեն իսկ սկսել են նախընտրական քարոզարշավը՝ ներկայացնելով այն որպես համայնքային հանդիպումներ։ Հանդիպումներն ընթանում են վարչական ռեսուրսի չարաշահմամբ և միջազգայնորեն ճանաչված իրավունքների խախտումներով։ Արագածոտնի (մարտի 21-ին), Արմավիրի (մարտի 28-ին) և Վայոց Ձորի (ապրիլի 17-ին) մարզերում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում Փաշինյանը և իշխանության ներկայացուցիչները իրենց քաղաքական նպատակների համար ներգրավել էին անչափահաս երեխաների, ինչը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հռչակագրով և միջազգային մի շարք այլ փաստաթղթերով նախատեսված երեխաների իրավունքների ոտնահարում է։
Եթե նույնիսկ երեխաները հանդիպումներին մասնակցել են ծնողների հետ կամ նրանց համաձանությամբ, քաղաքական նպատակների համար երեխաների օգտագործումն անթույլատրելի է։ Մասնավորապես.
• Անթույլատրելի է երեխաներին օգտագործել որպես քաղաքական նպատակներին հասնելու գործիք.
• Քաղաքական միջոցառումներին երեխաների մասնակցությունը չի կարող որոշվել մեծահասակների կողմից.
• Քաղաքական գործընթացներին երեխայի ներգրավվածությունը ենթադրում է համապատասխան հասունություն, ուստի մինչև 14 տարեկան երեխաները որևէ պարագայում չպետք է ներգրավվեն քաղաքական միջոցառումներին.
• Երեխաներին չի կարելի օգտագործել քաղաքական գործչին դրական լույսի ներքո ներկայացնելու նպատակով.
• Երեխաները քաղաքական արշավների թիրախային լսարան չեն կարող հանդիսանալ.
• Արգելվում է երեխաների շահագործումը՝ արգելվում է երեխաների նկատմամբ ուղղակի՝ դպրոցի կամ ծնողների կողմից և անուղղակի ազդեցությունը` քաղաքական նպատակներին հասնելու համար։
Այս և միջազգային իրավական փաստաթղթերում տեղ գտած բազմաթիվ այլ կարգավորումները պետք է ուղենիշ լինեն բոլոր քաղաքական կուսակցությունների, քաղաքական ու հանրային գործիչների համար։ Սա պետք է ուղենիշ լինի հատկապես իշխանության համար, որն արդեն իսկ վարչական ռեսուրսների կիրառմամբ փաստացի սկսել է ֆեյսբուքյան գրառման մակարդակով հայտարարված արտահերթ ընտրության նախընտրական քարոզարշավը՝ անտեսելով երեխաների շահագործման վերը թվարկված սահմանափակումները։
Ուզում եմ այս խնդրին հրավիրել երեխաների իրավունքներով զբաղվող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ուշադրությունը։ Չի կարելի անտեսել իշխանությունների հերթական կամայականությունը։ Մի լռեք, մի անտեսեք։ Նժարին մեր երեխաների իրավունքներն են։ Արձագանքենք երկրում միացրած տոտալ ամենաթողության մեխանիզմին։
Քաղաքական նպատակներով երեխաների շահագործման անթույլատրելիության վերաբերյալ նամակով դիմել եմ նաև Հայաստանում օտարերկրյա դիվանգիտական ներկայացուցչություններին և միջազգային կառույցներին՝ կոչ անելով հավատարիմ մնալով ժողովրդավարության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության բարձր առաքելությանը, ուշադրության կենտրոնում պահել երեխայի լավագույն շահը, երեխաների իրավունքների հարգանքը և պաշտպանությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Դավաճան Նիկոլը Վայոց ձորում է. մասսովկան կրկին երեխաներով է ապահովվում. Գագիկ Համբարյան
- Դավիթ Թումասյանը Բաթոյանին հիշեցնում է երեխաների իրավունքների ու նրանց սպառնացող հնարավոր վտանգների մասին
- Դավիթ Թումասյան. Հավաքի ժամանակ վարչապետի անվտանգությունը գերպաշտպանված էր, իսկ երեխաներինը՝ անտեսված, վտանգված