ՄԱԿ ԱԽ-ում ՀՀ դեսպանը կարևորել է միջազգային հանրության պահանջը Ադրբեջանին՝ անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակելու ռազմագերիներին
Ապրիլի 19-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առցանց նիստ՝ նվիրված ՄԱԿ-ի և տարածաշրջանային կազմակերպությունների միջև համագործակցությանը, որին հայտարարություն է ներկայացրել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։
ՀՀ մշտական ներկայացուցիչը կարևորել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) շրջանակներում սպառազինությունների վերահսկման մեխանիզմների ու հակամարտությունների կարգավորման համապատասխան ձևաչափերի դերը Եվրո-Ատլանտյան և Եվրասիական տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման գործում։ Ընդգծվել է Հայաստանի աջակցությունը ՄԱԿ-ի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միջև փոխգործակցությանը միջազգային ահաբեկչության ու թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում։
Դեսպան Մարգարյանն անդրադարձել է 2020թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային՝ նշելով Թուրքիայի և օտարերկրյա ահաբեկիչների ու վարձկանների ներգրավումը, հակահայկական ատելության սերմանումը և այլատյացության հողի վրա հանցագործությունների փառաբանումը։
Նշվել է, որ Ադրբեջանը շարունակաբար խախտել է 1994 և 1995թթ. եռակողմ հրադադարի համաձայնագրերը, մերժել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկները հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման, միջազգային դիտորդների թվի ու նրանց գործունեության ընդլայնման և սադրիչ գործողություններից խուսափելու վերաբերյալ։
ՀՀ մշտական ներկայացուցիչը կարևորել է միջազգային հանրության պահանջը Ադրբեջանին՝ անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակելու ռազմագերիներին և քաղաքացիական անձանց՝ հումանիտար իրավունքի և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բխող իր պարտավորություններին համապատասխան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան