Բոլորը հասկանում են` այս ագրեսիայից հետո վերջակետ չի դրվել, այլ դրվել է ստորակետ․ Միքայել Մելքումյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանն այսօր ելույթ ունեցավ «Հայ ռազմագերիների, այլ գերիների և տեղահանվածների վերաբերյալ» ԵԽԽՎ-ում քննարկմանը։
Նրա ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Հարգելի՛ գործընկերներ,
2020թ. սեպտեմբերի 27-ից ադրբեջանաթուրքական զինված ուժերի կողմից Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ պատերազմի ընթացքում կոպտորեն ոտնահարվել են տասնյակ հազարավոր խաղաղ հայ բնակիչների կյանքի, առողջության, սեփականության և կենսական կարևորություն ունեցող այլ իրավունքներ: Իրականացվել են պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, արձանագրվել են ազգությամբ հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումների, դաժան վերաբերմունքի բազում դեպքեր՝ գլխատումներ, սպանություններ, և այլն, զանգվածային կերպով ավերվել են խաղաղ բնակավայրեր: Եվ այս ամենի նպատակը էթնիկ զտումներն ու ցեղասպանությունն էին:
Այն, ինչ կատարվել է 2020թ. սեպտեմբերի 27-ից 44 օր շարունակ Արցախի Հանրապետությունում, դա մի խայտառակություն է հայ ժողովրդի, նաև՝ համաշխարհային արժեքների նկատմամբ, որն ուղղակի չի կարելի նկարագրել:
Օրը ցերեկով Եվրոպայի Խորհրդի անդամ մի պետությունը մյուս անդամ պետության նկատմամբ իրականացրել է ցեղասպանություն տեխնոլոգիական ձևով:
5000-ից ավելի զոհվածներ, 10 000-ից ավելի վիրավորներ, հաշմանդամներ, անհետ կորածներ, ցավոք, նաև գերիներ, որոնք, ըստ էության, պատանդ են:
Հարգելի՛ գործընկերներ,
Գիտենք նաև, որ 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրվել է համապատասխան հայտարարություն՝ «բոլորը բոլորի» դիմաց փոխանակելու համար: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանը վերադարձրել է ադրբեջանցի բոոր ռազմագերիներին։
Այժմ հարկ է, որ Ադրբեջանը վերադարձնի հայ ռազմագերիներին։
Եվ ի՞նչ. մեր ավելի քան 200 գերիները որտե՞ղ են, ո՞նց են:
Գերիների մի մասը գտնվում է Բաքվից մոտ 70 կմ հեռավորության վրա գտնվող Գուբիստանի բանտում:
Հիմա, հարգելի՛ գործընկերներ, ես Ձեզ հարց եմ տալիս. եթե այդ ռազմագերիները լինեին գերմանացի կամ ֆրանսիացի, դուք ինչպե՞ս կարձագանքեիք:
Ես դեռևս պատերազմի օրերին մեր հեռավար լիագումար նիստի ընթացքում դիմել էի Մարդու իրավունքների եվրոպական կոմիսար Դունյա Միատովիչին՝ հրավիրելով նրան Հայաստան, նաև՝ Արցախ: Նա ասաց, որ դա իր լիազորությունների մեջ չէ:
Հիմա, երբ մարդկանց սպանում կամ գերեվարում են, դա ու՞մ լիազորությունների մեջ է:
Այսպես գրեթե անհնար է աշխատել:
Արդարությունը պետք է հաղթանակի:
Բոլորը հասկանում են, որ այս ագրեսիայից հետո վերջակետ չի դրվել, այլ դրվել է ստորակետ, և ոչ մի երաշխիք չկա, որ ամեն ինչ ավելի վատ սցենարով կարող է կրկնվել։ Դրա վկայություններից է նաև Հայաստանի տարբեր սահմանային տարածքների նկատմամբ ադրբեջանցիների անթաքույց հավակնությունների ցուցադրումը։ Այս փուլում դա հատկապես վերաբերում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզին։
Գոնե ԵԽԽՎ-ն կարո՞ղ է համարժեք իրավական և քաղաքական գնահատական տալ երևույթներին:
Ցավոք, հաճախ ժամանակին գնահատականներ չտալը խորացնում է խնդիրը, համարյա դրա լուծումը դարձնում անհնարին:
Ուրեմն մի՛ խորացրեք առանց այդ էլ շատ և շատ խորացված պրոբլեմը:
Եղե՛ք զգոն, և շանս կունենանք շարժվելու առաջ:
Ալի՛և, վերադարձրու մեր ռազմագերիներին: Դու նրանց պահելու իրավունք չունես:
Ապրիլի 16-ին ես հանդիպել եմ Հայաստանի Գավառի շրջանից գերիներ Արամ Նաջարյանի և Վասակ Գասպարյանի ծնողների հետ: Նրանք հարյուրներ են:
Հիմա մեր բոլոր գերիների ծնողները լսում են ինձ:
Եվրոպա՛, արագ միջամտիր հարցի լուծմանը:
Բոլորդ գիտեք նաև, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդունել է հայ ռազմագերիների փաստը։ Ուրեմն ճնշում գործադրեք, որպեսզի ՄԻԵԴ-ի որոշումը կատարվի։
Դե ինչ, քեզ տեսնեմ, Եվրոպա։
Մենք պետք է հստակեցնենք՝ ի՞նչ ենք ցանկանում և ի՞նչ ենք կարող։
Ալիևի նկատմամբ պետք է ճնշում գործադրել։
Իսկ դուք, Ադրբեջանի պավիրակության անդամներ, Ջաֆարով և Հուսեյնով, դուք պետք է պարզեք՝ ովքե՞ր եք դուք։ Դուք ագրեսոր երկրի, թե՞ Եվրոպայի խորհրդի անդամ երկրի ներկայացուցիչներ եք»։
Հարակից հրապարակումներ`
- Կարևոր հարցերից է նաև մշակութային ժառանգությունը, որով հարուստ է այդ տարածաշրջանը․ Կիմմո Կիլյունենը՝ ԵԽԽՎ-ում
- Ռազմագերիները պետք է վերադարձվեն՝ առանց եթե-ների ու բայց-երի․ քննարկում ԵԽԽՎ-ում
- Եկեք չմոռանանք, որ այս թվերի ետևում մարդիկ են․ ԵԽԽՎ պատգամավորը՝ գերիների հարցի քննարկմանը
- Պետք է թողնել, որ բոլոր հայ ռազմագերիները տուն գնան. ԵԽԽՎ-ի ավստրիացի պատվիրակի կոչը Ադրբեջանին
- Ոչ միայն ԵԽԽՎ-ն, այլև ողջ միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանին. Նաիրիա Կարապետյան
- ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցի քննարկմանը ելույթի համար գրանցվել է 30 պատվիրակ
- Կարեն Վրթանեսյան. Գերիների խնդիրը ԵԽԽՎ-ում բարձրացնելը արդյոք ռուսական կողմի հետ նախօրոք համաձայնեցվա՞ծ է եղել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան