ՀՀ-ում ապրող քաղաքացին, ըստ մեր իշխանությունների, պետք է լսի միայն պաշտոնական ապատեղակատվություն. Տ.Քոչարյան
«Սկսած պատերազմից՝ իշխանությունը փորձում է մաքսիմալ փակել այն բերանները, որոնք կարող են ասել ճշմարտությունը»,- ասուլիսում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը:
Անդրադառնալով երեկ ՀՀ ԱԺ-ում Բորիս Ավագյանի ելույթին, որից հետո նա ազատվեց Արցախի ԱԻՊԾ փոխտնօրենի պաշոնից, փորձագետը նշեց, որ դա հերթական ապացույցն է՝ Հայաստանում ապրող քաղաքացին, ըստ մեր իշխանությունների, պետք է լսի միայն պաշտոնական ապատեղակատվություն, տարածի այն, ոչ թե փորձի իմանալ ճիշտը, թե ինչ է կատարվում:
Ինչ վերաբերում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայ գերիների հարցով երեկ կայացած քվեարկությանը, որին դեմ էին քվեարկել Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Տ. Քոչարյանն ասաց, որ տեղացի ռուսատյացները միանգամից ոգևորվեցին, բայց իրականում պետք է հասկանալ, թե ինչ խնդիր է եղել հայ գերիների հարցի քննարկման հետ կապված:
Ըստ փորձագետի՝ երկու փաթեթ է առաջարկվել օրակարգ ընդգրկելոը համար։
«Առաջին փաթեթում կային Նավալնու հետ կապված խնդիրները, գիտենք՝ Պուտինի թիվ մեկ ընդդիմադիրն է: Նույն փաթեթի մեջ ներառված էր նաև Թուրքիային վերաբերող հարց:
Երկրորդ փաթեթում ներառված էր հայ գերիների հարցը, «Կովիդ» անձնագրերի հարցը, որը, ըստ էության, հակառուսական էր, քանի որ փորձ է արվում արգելափակել ռուսական վակցինայով պատվաստվածների մուտքը Եվրոպա։ Երրորդ հարցը ևս վերաբերում է Ռուսաստանին, ըստ որի, ՌԴ-ն հանդիսանում է վտանգ Եվրոպայի համար:
Խորամանկություն են արել եվրոպացիները, որ այդ փաթեթների մեջ ընդգրկված հարցերը քվեարկել են ոչ թե առանձին-առանձին, այլ փաթեթով: Ռուսաստանը չի կարող քվեարել մի բանի համար, որտեղ ընդգրկված է հարց, որ ՌԴ-ն Եվրոպային վտանգ ներկայացնող երկիր է: Այդ խորամանկության համար առաջին հերթին պետք է հարցեր ուղղվեն ԵԽԽՎ ղեկավարությանը, ովքեր այդպես են կազմել փաթեթները»:
Նա նշեց, որ ՀՀ-ում ռուսատյացներն այս գիծը շարունակելու են այնքան, որպեսզի Հայաստանում հակառուսական տրամադրություններ լինեն, գլոբալ ծրագիր կա, որ Ռուսաստանին Հայաստանից փորձեն հանել, ճանապարհները բացեն ու դառնան թուրքի մանկլավիկ:
«Չստացվեց Արցախը միանգամից հանձել ու այդ հարցը վերջնական լուծել, որովհետև Ռուսաստանը խառնվեց և այնտեղ ներկայություն կա, հիմա փորձելու են այնպես անել, որ գոնե մնացած Հայաստանից շատ արագ Ռուսաստանը հեռանա, դառնա Թուրքիայի կամակատար»,- ասաց Տ. Քոչարյանը:
Նա ընդգծեց՝ հայերը թուրքերի հետ բարեկամանություն երբեք չեն կարող ունենալ, քանի որ Հայաստանն ավելի թույլ է, Թուրքիան ավելի ուժեղ, իրենք հայերի նկատմամբ բարեկամություն երբեք չեն ցուցաբերել:
«Ընդհանրապես, փոքր երկիրը մեծ երկրի հետ չի կարող լիարժեք բարեկամություն անել, եթե չկա մեծ երկրի հովանավարչություն կամ համակրանք, ինչպես կա Ռուսաստանի հետ կամ Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններում:
Թուրքիայի հետ երբեք բարեկամություն չես կարող անել, Թուրքիայի համար դու ստրուկ ես, որն ինչ-որ ժամանակ անց պետք է ձուլվի ու այս տարածքը դառնա պանթուրքիստական ծրագրի վերջնական ավարտի ինչ որ դրվագ: Մենք գիտենք, որ Հայաստանը և Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում ներկա պահին խանգարում են այդ ծրագրին»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, նրա խոսքով, լինելու է երկու բևեռ՝ պայմանական թուրքական և պայմանական ռուսական:
«Մի բևեռը տանելու է Արցախի վերջնական կորստին այն իմաստով, որ Արցախն ամբողջովին կմնա խաղաղապահ ուժերի ենթակայության տակ, իրենք են որոշելու՝ ինչ է լինելու Արցախում, ճանապարհների բացում, մեծ քայլերով դեպի Թուրքիա, երկրորդ տարբերակը՝ մի փոքր նման է խորհրդային Հայաստանի սկզբնական փուլին, երբ Հայաստանը բուժի իր վերքերը, ամրապնդի, վերականգնի տնտեսական, ռազմաքաղաքական, մշակութային պոտենցիալը, փորձի այդ ընթացքում լուծի հարցեր կապված ոչ միայն Հայաստանի ինքնիշխանության հետ, նաև Արցախի հետ կապված հարցեր, այսինքն՝ Հայաստանը շանս ունենա դառնա տարածքային ինչ որ խաղացող»,- ասաց նա։
Միաժամանակ Տիգրան Քոչարյանը նկատեց, որ ներկա պահին Հայաստանի ինքնիշխանության մակարդակը համարյա թե զրոյական է, արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը որևէ ձև ներգրաված չէ, ոչ սուբյեկտ է, ոչ օբյեկտ:
«Այսինքն՝ նախընտրական ընդհանուր պայքարը լինելու է ոչ թե կուսակցությունների, անձերի միջև, այլ լինելու է տեսակի պայքար և լինելու է Հայաստանը վերջնական կործանման տանելու, Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնելու ընտրություն կամ Հայաստանի պահպանման և հնարավոր հետագա զարգացման ընտրություն Ռուսաստանի օգնությամբ: Երրորդ ճանապարհ չկա»,- ասաց Տ. Քոչարյանը:
Հարակից հրապարակումներ`
- ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցի քննարկմանը դեմ են քվեարկել Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը
- Արցախը հաստատեց. ԱԻՊԾ փոխտնօրենին աշխատանքից ազատել են՝ հակաիշխանական հայտարարությունների համար