Գուրգեն Խաչատրյան. Թեև դժվարությամբ, այնուամենայնիվ մեզ հաջողվեց հաղթահարել ճգնաժամը Ucom-ում
«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանն այսօր հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.
«Մեկ տարի առաջ այս օրերին սկսվեցին Ucom-ի կազմաքանդման ակտիվ փորձերը: Ապօրինությունների ցիկլը ուղղված էր մեր ընկերությունում անկառավարելի իրավիճակ ստեղծելու փորձերին, ինչի արդյունքում, ըստ բոլորին հայտնի շրջանակների, ստիպված էինք լինելու կասկածելի ուժերի օտարել մեր 12 տարվա ամենօրյա աշխատանքի արդյունքը՝ Ucom-ը։
Հիշում եմ, լրիվ պատահական, հենց այդ օրերին, երբ հայրս կալանավայրում զրկված էր բժշկական օգնության իրավունքից, մեր 12 տարվա գործընկերը հանկարծ հասկացավ, որ աշխատանքային տարաձայնություններ ունենք և իր օրակարգը չընդունելու արդյունքը ավելի քան 500 աշխատակիցներ ազատման դիմումներն են` ցանցի խափանման հնարավոր հետևանքով: Դետալների մասին կլռեմ՝ բիզնես կոռեկտությունից ելնելով։ Ժամանակը ամեն ինչ ցույց կտա:
Այսօր`արդեն մոտ մեկ տարի անց, ուզում եմ արձանագրել, որ թեև դժվարությամբ, այնուամենայնիվ մեզ հաջողվեց հաղթահարել ճգնաժամը: Մեր թիմը կարողացավ արժանապատվությամբ և ինստիտուցիոնալ մոտեցմամբ վերականգնել կայունությունը՝ զերծ մնալով իռացիոնալ գործելաոճից: Ucom-ի աշխատակազմը բացառիկ կամք և պատասխանատվություն ցուցաբերեց` անգամ ամենադժվարին օրերին պահպանելով և առաջնորդվելով բաժանորդների շահերով: Բիզնես համայնքը և միջազգային գործընկերները փոխգործակցության հուսալի վարք ու պատրաստակամություն ցուցաբերեցին, իսկ մեր մրցակիցները`«Վիվասել ՄՏՍ»-ը և «Բիլայն Արմենիան» բացառիկ սոլիդարություն պահպանեցին: Ես շնորհակալ եմ և երախտապարտ, որ հայկական օպերատորին սատարելու համար դրսևորվեց հավաքական ուժ և աջակցություն:
Կարևոր եմ համարում ընդգծել, որ դժվարին այս տարում մեր թիմը նաև covid19-ի մարտահրավերը հաղթահարեց՝ առաջնորդվելով մի կողմից անվտանգության, մյուս կողմից՝ թիմերի ամբողջականության պահպանման գերակայությունով։ Պատերազմը նոր օրակարգ առաջադրեց. Ucom-ը օր ու գիշեր աշխատանքով բազմաբնույթ աջակցություն ցուցաբերեց բանակին՝ տեխնիկական աջակցման, կապի ապահովման համալիր միջոցառումների և ուղիղ նվիրատվության միջոցով։ Ցավով պիտի ասեմ, որ հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհեցին նաև Ucom-ի երեք աշխատակիցներ. խոնարհվում ենք նրանց լուսավոր հիշատակի առջև։
Այսօր, երբ շատերս կորոնայից ու պատերազմից ընտանիքի անդամ ենք կորցրել, տնտեսական քայքայիչ կորուստներ կրել, գուցե կորցրել ապագայի կայունության հեռանկարը, միևնույն է` թևաթափ լինելու իրավունք չունենք: Փորձությունները գալիս են ստուգելու մեր կամքն ու դիմացկունությունը: Ucom-ը էլ ավելի ամուր հենքով է շարունակելու ծառայել Հայաստանին` իր մարդկային ներուժով, ռազմավարական ենթակառուցվածքներով և լայնամասշտաբ ինովատիվ ծրագրերով: Վստահ եմ, որ միջազգային գործընկերությունների և ներդրումների ներգրավման միջոցով զգալի ազդեցություն կունենանք մեր երկրի տնտեսության վերակառուցման ու զարգացման վրա»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան