Հադրութցիների նախաձեռնությամբ Երևանում կբացվի մշակութային կենտրոն
Հադրութի մշակույթի և երիտասարդության բաժնի վարիչ Երազիկ Հայրիյանի, «Դիզակ» թերթի խմբագիր Լիանա Պետրոսյանի և շրջանի հուշարձանների պահպանության բաժնի ղեկավար Գայանե Բուդաղյանի համատեղ նախաձեռնությամբ Երևանի Խորենացի 47/7 հասցեում բացվել է «Դիզակ Արտ» մշակութային կենտրոնը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ընկերության համահիմնադիր Երազիկ Հայրիյանն ասել է, որ այն կլինի մշակութային օջախ, ինչպես նաև երիտասարդների հավաքատեղի, ժամանցի վայր:
Նրա խոսքով՝ նախատեսվում է ունենալ նաև պատկերասրահ, որտեղ մշտական ցուցադրության կդրվեն «Դիզակի գույները» միջազգային նկարչական սիմպոզիումից փրկված 26 կտավներ, որոնք ներկայացնում են Հադրութի հայկական լինելը, պատմական և ազգագրական անփոխարինելիությունը։ Պատկերասրահում կցուցադրվեն նաև Հադրութին վերաբերող այլ փաստեր:
«Կենտրոնի բացման շարժառիթը 2020 թվականի պատերազմի արդյունքում կորցրած Հադրութի շրջանի ողջ պատմամշակութային ժառանգությունը ներկայացնելն է։ Շրջանի երիտասարդներն այժմ ապրում են Արցախի և Հայաստանի տարբեր բնակավայրերում: Փորձում ենք վերակենդանացնել Հադրութից մնացած մշակութային ամեն մի մասունք:
Մեր նպատակն է տեղահանված հադրութցիների համախմբումը, Հադրութի պատմամշակութային ժառանգության հայկականությունը փաստող նյութերի ներկայացումը հասարակության լայն շրջանակներին,ինչը միտված է պահպանելու կորցրած հայրենիքի մասին պատմող յուրաքանչյուր մասունք»,- ավելացրել է Ե. Հայրիյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան