Զինծառայողին ծառից կախված գտնելու փաստով քրգործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով
Հայաստանի հարավային ուղղությամբ տեղակայված N զորամասի հարակից տարածքում նորակոչիկ զինծառայողի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ 360.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին քննչական կոմիտեից։
«Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար»,- ասացին Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ երեկ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ ապրիլի 20-ին, ժամը 11:00-ի սահմաններում, հարավային ուղղությամբ տեղակայված N զորամասի հարակից տարածքում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Սևակի Խաչատրյանի դին (2021թ. 1-ին զորակոչ, ԶԶՀԾ Արագածոտնի ՄՏՍ)՝ ծառից կախված վիճակում:
Քրեական օրենսգրքի 360.1 հոդվածը սահմանում է.
Հոդված 360.1. Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը
1. Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից, եթե բացակայում են սույն օրենսգրքի 358-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի, 358.1-ին հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի հատկանիշները` պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
1) մի խումբ անձանց կողմից,
2) պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ,
3) մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում,
պատժվում է ազատազրկմամբ` վեցից ինը տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում`
պատժվում են ազատազրկմամբ` յոթից տասը տարի ժամկետով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի