Ադրբեջանը 7 տարվա ազատազրկման է դատապարտել թալիշ բլոգերին՝ Թալիշի դրոշով նկարվելու ու այն տանը պահելու համար
2020 թվականի հուլիսին Պետական անվտանգության ծառայության կողմից ձերբակալված թալիշ բլոգերին Բաքվի դատարանը դատապարտել է 7 տարվա ազատազրկման՝ «ազգային ատելություն հրահրելու» համար, ի թիվս այլ մեղադրանքների:
Ասլան Գուրբանովը մեղավոր է ճանաչվել ապրիլի 15-ին` պետության դեմ հանրայնորեն ապստամբելու, լրատվամիջոցներով ազգային, ռասայական, սոցիալական, կրոնական ատելության և թշնամանքի հրահրման մեջ:
Բլոգերը մեղադրվում էր սոցիալական կայքերով, ինչպիսիք են Facebook-ը և Instagram-ը, հակապետական քարոզչություն իրականացնելու, խտրական նյութեր տարածելու և թալիշների իրավունքները ոտնահարելու մեջ՝ հրապարակելով նյութեր, որոնք «կեղծ պնդումներ են», որ թալիշները խտրականության են ենթարկվել։
2020-ի սեպտեմբերին բլոգերի եղբայրը՝ Սաքիթ Գուրբանովը, «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ իր եղբայրը բուժում է ստանում հիվանդանոցում շուրջ 15 օր: Սակայն ընտանիքը երբեք ոչ մի լուր չի ստացել նրա ախտորոշման կամ հոսպիտալացման պատճառի վերաբերյալ:
Սաքիթ Գուրբանովը OC Media-ին ասել է, որ 2020 թվականի հուլիսի 14-ին եղբոր ձերբակալությունից հետո իրենք միայն մեկ անգամ են հնարավորություն ունեցել նրան տեսնելու՝ փետրվարի 8-ին, Պետական անվտանգության ծառայության շենքում:
«Նա մեզ ասաց, որ անվտանգության ծառայությունից ինչ-որ մեկն իրեն ասել է. «Ես կհամոզվեմ, որ դու ստանաս 10 տարվա ազատազրկում, որպեսզի այն դաս լինի բոլոր թալիշներին: Թող մնան նրանք, ովքեր ցանկանում են ապրել այս երկրում, նրանք, ովքեր չեն սիրում այն, կարող են հեռանալ»»,-պատմել է եղբայրը:
Ընտանիքի խոսքով՝ Ասլան Գուրբանովը սրտի հետ կապված խնդիրներ ունի, տառապում է էպիլեպսիայով:
Ադրբեջանում և արտերկրում գտնվող թալիշական մի շարք ակտիվիստներ հանդես են եկել Գուրբանովի պաշտպանությամբ:
«Նրա դեմ առաջադրված գլխավոր մեղադրանքներից մեկն այն էր, որ նա Թալիշի դրոշով լուսանկարվել է Բաքվի պուրակում և դրոշը պահել տանը։ Ադրբեջանի կառավարությունը արմատական դիրքորոշում է որդեգրել թալիշների դեմ և մտադիր չէ փոխզիջման գնալ», - OC Media- ին ասել է Ռուսաստանի Թալիշների դաշնային մշակութային ինքնավարության նախագահ Իսմայիլ Շաբանովը:
Շաբանովը չի հավատում, որ իրավիճակը կփոխվի, քանի դեռ աշխարհի առաջատար երկրները չեն ճնշել Ադրբեջանին:
«Բայց մենք՝ թալիշներս, պայքարում ենք և շարունակելու ենք պայքարել մեր ուժերի սահմաններում»,- ասել է Շաբանովը:
Ադրբեջանցի լրագրող, իրավապաշտպան, Ադրբեջանում Թալիշների հասարակական խորհրդի (PCTA) համանախագահ Հիլալ Մամեդովը OC Media-ին ասել է, որ վստահ է, որ Գուրբանովին առաջադրված մեղադրանքները սարքված են:
«Դա միջոց է թալիշ ակտիվիստներին վախեցնելու և նրանց իրավունքները ոտնահարելու համար: Ասլանը հայտնի թալիշական ակտիվիստ չէր: Նա պարզապես սովորական բլոգեր էր և օրենքի շրջանակներում խթանում էր թալիշների պատմությունն ու մշակույթը»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Ոսկանյան․ Հատկապես երեկվանից ուժեղացել են ճնշումները թալիշների նկատմամբ
- Թալիշաբնակ քաղաքում Բաքվի բռնապետի «զորակոչի» մասին հրամանը խափանում են
- Թալիշում դիտավորությամբ հրդեհել են առանձնատներ և կացարաններ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան