Պետական ֆինանսավորումից զրկված «Օլիմպիկոս»-ն արդեն պատրաստ է
«Ռոբերտ Սահակյանց Փրոդաքշն» անիմացիոն ստուդիայի «Օլիմպիկոս» լիամետրաժ ֆիլմը պատրաստ է, սակայն դեռ պարզ չէ, թե երբ կլինի պրեմիերան:
«2020-ին ավարտել ենք աշխատանքները: Սկզբից համաճարակի պատճառով չարեցինք պրեմիերան, հետո պատերազմի, դրա համար այսպես ուշանում է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ստուդիայի ղեկավար, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը:
Անիմացիոն ֆիլմի նկարահանման աշխատանքները սկսվել էին դեռ 2015 թվականին:
«Մենք ստիպված եղանք մեկ տարի ավելի ժամանակ ծախսել ֆիլմի ստեղծման վրա, քանի որ նոր իշխանությունները զրկել էին մեզ ֆինանսավորումից, ստիպված էինք տարբեր տեղերից գտնել որևէ ֆինանսավորում ֆիլմն ավարտելու համար: «Շարմ հոլդինգը» միացավ այդ պրոցեսին, «Լույս» հիմնադրամի շնորհիվ ֆիլմն ավարտեցինք»,- ասաց Դ.Սահակյանցը:
Նա նշեց, որ որոշեցին անդրադառնալ այս թեմային, քանի որ պատմական հետաքրքիր փաստ է. «Ով գիտի այդ փաստի մասին, հարկ համարեցինք հիշեցնել, ով էլ չգիտի, կարծում եմ, հետաքրքիր կլինի իմանալ:
Մենք ընդհանուր պատմությունից շեղվել ենք, քանի որ Հայոց Վարազդատ Արշակունի թագավորի վերաբերյալ հակասական, տարբեր տեղեկություններ կան, չկարողացանք կողմնորոշվել, թե որն է իրական Վարազդատի պատմությունը: Դրա համար վերցրեցինք ուղղակի օլիմպիական խաղերի մասնակցության և հաղթելու փաստը, դրա հիման վրա ստեղծեցինք մեր սյուժեն»,- ասաց Դ. Սահակյանցը:
Նա տեղեկացրեց, որ «Շարմ հոլդինգը» կազմակերպել է ֆիլմը երկու լեզուներով թարգմանելու գործընթնթացը, հնարավոր է ֆիլմը լինի նաև անգլերեն և ռուսերեն թարգմանությամբ: Մուլտիպլիկատորը նշեց, որ դեռ վաղ է խոսել «Օլիմպիկոս»-ի՝ միջազգային փառատոների մասնակելու մասին:
Օլիմպիական թանգարանում (Օլիմպիա քաղաքում) պահպանվել է հնագույն ժամանակների Օլիմպիական խաղերի հաղթողների մարմարե անվանատախտակը, որտեղ նշված է, որ Հայոց Վարազդատ Արշակունի թագավորը 394 թ-ին տեղի ունեցած վերջին Օլիմպիական խաղերում կռփամարտի (բռնցքամարտ) մրցումների հաղթողն է: Արդեն մեր ժամանակներում՝ 1998թ-ին Օլիմպիայում, որտեղ կայացել են հին հունական Օլիմպիական խաղերը, կանգնեցվել է նրա մարմարե կիսանդրին:
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Սահակյանց. Ես կողմ եմ այդ տեսակ ցենզուրայի
- Դավիթ Սահակյանց. Անիմատորի մասնագիտությունը բավականին պահանջված է
- Անիմացիոն ոլորտի զարգացումը, ինչպես ցանկացած այլ ոլորտի, կապված է ֆինանսների հետ. Սահակյանց
- Դավիթ Սահակյանց. Հայկական անիմացիան մրցունակ է
- Դավիթ Սահակյանցի ֆիլմի հաջողությունը Բելառուսում