Ի՞նչը դարձավ գետահովտցի երեխայի մահվան պատճառ, ինչպես պետք է նվազեցնել ռիսկերը
Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի 12-ամյա բնակչի մահվան, նրա ընտանիքի անդամների թունավորման նախնական պատճառը «գինազոխ բծավոր» նեխուրազգիների ընտանիքին պատկանող վայրի բույսի օգտագործումն է։
Panorama.am-ի հետ զրույցում Սննդի անվտանգության տեսչական մարմնից հայտնեցին, որ Գետահովիտ գյուղի բնակիչների սննդային թունավորման վերաբերյալ տեղեկատվությունը մամուլից ստանալուց անմիջապես հետո ՍԱՏՄ Տավուշի մարզային կենտրոնի տեսուչներն այցելել են Իջևան քաղաքի բժշկական կենտրոն և պարզել, որ մեկ ընտանիքի 4 անդամները թունավորվել են իրենց տնամերձ հողամասում աճող «գինազոխ բծավոր» նեխուրազգիների ընտանիքին պատկանող վայրի բույսի տերևները և ցողունը սննդի մեջ տապակած վիճակում օգտագործելու արդյունքում։
Նշանակված փորձաքննության արդյունքներն ավելի ուշ կլինեն։ Մինչ այդ Panorama.am-ին քննչական կոմիտեից հայտնեցին, որ երեխայի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով։
Օրենսգրքի այդ հոդվածը վերաբերում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն։
«Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում, պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»,- սահմանում է 130 հոդվածի 2-րդ կետը։
Հիշեցնենք՝ երեկ ԱԻ նախարարությունը հայտնեց, որ ապրիլի 20-ին՝ ժամը 09։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 19-ին, ժամը 22:26-ին նախնական սննդային թունավորում ախտորոշմամբ Տավուշի մարզի Իջևան քաղաքի ԲԿ են տեղափոխվել Գետահովիտ գյուղի բնակիչներ Ս․ Հ․-ն (ծնված 1980 թ.), Ա․ Հ․-ն (ծնված 1980 թ.), Ս․ Ա․-ն (ծնված 2007 թ.) և Ս․ Հ․-ն (ծնված 2009 թ.): Ս․ Հ․-ն (ծնված 2009 թ.) Իջևան քաղաքի ԲԿ-ում մահացել է։
Թունավորման հետևանքով տուժած մյուս երեխան՝ 14-ամյա Ս. Ա-ն այս պահին ««Մուրացան» համալսարանական հիվանդանոցում է, բուժօգնություն է ստանում թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում։
«Ս․ Ա․-ի (ծնված 2007 թ.) առողջական վիճակը գնահատվում է լավ: Բժիշկներն այսօր պատրաստում են դուրս գրել նրան»,- Panorama.am-ին հայտնեց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
Նրա փոխանցմամբ, թունավորման նույն դեպքով «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր տեղափոխված քաղաքացիներ՝ Ս․ Հ․-ի և Ա․ Հ․-ի վիճակը գնահատվում է բավարար: Ինքնակամ՝ իրենց ստորագրությամբ, վերջիններս պատրաստվում են դուրս գրվել համալսարանական հիվանդանոցից:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը, Panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով թունավորման դեպքին ու դրա հետևանքով երեխայի մահվանը, ընդգծում է իրազեկման աշխատանքների՝ պարբերաբար իրականացման կարևորությունը։
«Ավելին, նման դեպքից հետո ոչ միայն հետ պետք է տեղեկություն տրամադրել, թե նման դեպքերն ինչ պատճառահետևանքային կապեր ունեն, այլև, նախապես հաշվարկելով ռիսկերը, պետք է ազգաբնակչության շրջանում իրազեկման աշխատանքներ իրականացնել, կազմակերպել հաղորդակցություն։ Ցավոք սրտի, մեր երկրում իրազեկման աշխատանքներ կատարվում են աշխատանք ցույց տալու շրջանակներում, մինչդեռ իրազեկումը պետք է լինի նաև ոլորտին առնչվող առաջնահերթությունների մասին ու պարբերաբար, որը կնվազեցնի ու կկանխի առկա ռիկսերը»,-մանրամասնեց ՀԿ նախագահը։
Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փորձագետն ընդգծում է՝ հանրային առողջապահության ուղղությամբ Հայաստանում գրեթե իրազեկման աշխատանքներ չեն իրականացվում, ֆոլաթթվի ու երկաթի պակասի մասին խոսում են այն ժամանակ, երբ ցանկանում են գրանտային ծրագիր իրականացնել ու ալյուրը հարստացնել։
«Իրազեկման քաղաքականության վարումը, մարդու կյանքի, առողջության համար պատասխանատվութունը պետք է լինի ընդհանուր ու մասնագիտական հրահանգավորումներով, դրանում պետք է ներգրավված լինի ինչպես ՍԱՏՄ-ն, այնպես էլ առողջապահության նախարարությունը»,- նշեց Բաբկեն Պիպոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Գետահովիտում թունավորվածների վիճակը գնահատվում է բավարար
- Թունավորում Գետահովիտում. 12 տարեկան երեխան մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները