Գերմանիայի պետնախարար․ Մեկ անգամ ևս կոչ անեմ Ադրբեջանին՝ ազատ արձակել հայ ռազմագերիներին, դադարեցնել հռետորաբանության սրումը
«Ուզում եմ մեկ անգամ ևս կոչ անել Ադրբեջանին՝ ազատ արձակել հայ ռազմագերիներին: Մենք պարբերաբար հիշեցնում ենք Ադրբեջանին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները կատարելու անհրաժեշտության մասին և ակնկալում ենք առաջընթաց: Եվ մեզ անհրաժեշտ է նաև հարմար ֆորում`երկխոսության համար: Որպես Եվրոպայի խորհրդի անդամ երկրներ՝ Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվել են պաշտպանել մարդու իրավունքները: Նույնիսկ կոնֆլիկտային իրավիճակներում չպետք է մի կողմ դնել Եվրոպայի խորհրդի հիմնարար սկզբունքները»,-այս մասին այսօր ԵԽԽՎ-ում հայտարարել է Գերմանիայի Դաշնության Եվրոպայի հարցերով պետնախարար Մայքլ Ռոթը՝ ելույթ ունենալով ԵԽԽՎ-ում՝ որպես ԵԽ նախարարների կոմիտեում նախագահող։
Մայքլ Ռոթը նշել է, որ 2020 թ. նոյեմբերի հրադադարի մասին համաձայնագրի հետագա իրականացման ընթացքում իրենք հատուկ ուշադրություն են դարձնելու մարդու իրավունքների պահպանմանը:
«Ներգրավված պետությունները պետք է հնարավորություն տան տարածաշրջանում մարդու իրավունքների իրավիճակի միջազգային մոնիտորինգ իրականացնել՝ իրենց միջազգային պարտավորություններին համապատասխան: Ուստի մենք սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի, նրա համանախագահների և ԵԱՀԿ դիտորդական առաքելության աշխատանքին, որը գլխավորում է գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը: Մենք վստահ ենք, որ Մինսկի խմբի ջանքերը կհանգեցնեն հակամարտության տևական և կայուն լուծմանը, և մենք պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ այդ գործում»,-հայտարարել է Մայքլ Ռոթը:
Ի պատասխան ռազմագերիների վերաբերյալ հարցին՝ պետնախարարն ասել է, որ աշխատում են ապահովել, որ բոլոր ռազմագերիներին վերաբերվեն միջազգային մարդասիրական իրավունքի չափանիշներին համապատասխան:
«Այս կապակցությամբ մենք նույնպես շատ սերտ կապի մեջ ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, որը կապի մեջ է մնացած բանտարկյալների հետ: Մեկ անգամ էլ ասեմ, որ բոլոր բանտարկյալների ազատումը շատ կարևոր քայլ է դեպի տարածաշրջանում խաղաղություն և կայունացում»,-ասել է Ռոթը:
Պատասխանելով Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության խոսքին՝ պետնախարարն ասել է, որ, այո՛, սա հիմնարար չարիք է, և կարող է դիմել միայն բոլոր ներգրավվածներին:
«Չնայած բոլոր հակամարտություններին, որոնք կարող են նաև շատ ցավոտ լինել, մենք պետք է վերադառնանք հարգանքի և ճանաչման մշակույթին: Վիրավորանքները, ակնարկներն ու սպառնալիքները տեղ չունեն մարդկանց միջև շփման մեջ, և ես կցանկանայի շատ հստակ ասել, որ մենք՝ քաղաքական գործիչներս, շատ կարևոր դեր ունենք այստեղ: Մենք պետք է օրինակ դնենք. մենք չենք կարող ակնկալել, որ մեր հասարակությունները վերջ կդնեն իրենց հարևանների հասցեին հնչող վիրավորանքներին և սպառնալիքներին, եթե մենք ինքներս լավ օրինակ չենք թողնում: Ես չեմ ուզում ինձ բացառել այստեղից:
Հայաստան-Ադրբեջան հակամարտությունում մենք կարող ենք տեսնել, թե որքան խորն են վերքերը, բայց քաջություն է պետք, որ այդ վերքերը լավանան: Համարձակություն և կամուրջներ կառուցելու պատրաստակամություն, որպեսզի խաղաղ գոյակցությունը կրկին հնարավոր լինի և խնդիրները լուծվեն: Կրկին դրա համար մենք փորձել և փորձարկել ենք ձևաչափեր, դա Մինսկի խումբն է, և մենք ուզում ենք օգնել, որպեսզի Մինսկի խմբի աջակցությամբ համապատասխան հաջողություններ գրանցվեն: Բայց դա ենթադրում է ադրբեջանցիների պատրաստակամություն և մեր հայ գործընկերների պատրաստակամություն՝ սեղանի շուրջ նստել և կարգավորել հարցերը:
Խնդրում եմ դադարեցնել հռետորաբանության սրացումը: Դա միայն թունավորում է կլիման և չի լուծում ոչ մի խնդիր»,-ասել է Մայքլ Ռոթը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան