Վենետիկի հանձնաժողով․ Ընտրական օրենսդրության փոփոխությունները ողջունվում են, բայց անհրաժեշտ են հետագա բարելավումներ
Եվրախորհրդի սահմանադրական իրավական փորձագետների մարմինը՝ Վենետիկի հանձնաժողովը, և ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ը հրատապ համատեղ եզրակացություն են հրապարակել Հայաստանի Ընտրական օրենսգրքում և հարակից օրենսդրությունում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
Ուսումնասիրելով դրանց մշակման ընթացակարգի համապատասխանությունը, ինչպես նաև փոփոխությունների՝ միջազգային ստանդարտներին համապատասխանությունը, եզրակացության մեջ ասվում է, որ փաթեթը պետք է լայնորեն ողջունվի, քանի որ այն վերաբերում է նախորդ առաջարկությունների մեծամասնությանը, բայց այդ փոփոխությունները դեռևս պետք է կատարելագործվեն։
Նշվում է, որ կարծիքը խնդրել էր տրամադրել Հայաստանի Ազգային ժողովի նախագահը՝ 2021 թ. մարտի 4-ին։ 2021 թվականի ապրիլի 1-ին Ազգային ժողովն ընդունել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների առաջին փաթեթը՝ տարածքային թեկնածուների ցուցակների վերացման վերաբերյալ՝ 82 կողմ, և 0 ձեռնպահ ու դեմ ձայներով: Սպասվում է օրենքում փոփոխությունների ստորագրումը։
Ասվում է, որ առաջարկությունը վերացնում է տարածքային թեկնածուների ցուցակները՝ ստեղծելով համամասնական ընտրակարգ միայն հանրապետության ընտրատարածքի հիման վրա: Վենետիկի հանձնաժողովը և ԺՀՄԻԳ-ը գոհունակությամբ նշում են, որ բարեփոխումն անցել է լայն խորհրդակցությունների միջոցով տարբեր քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության և փորձագիտական համայնքի միջև և տեղի է ունեցել պատշաճ ժամկետում`ապահովելով փոփոխությունների հնարավորինս լայն աջակցությունը: