«Ժողովուրդ». Սյունիքի մարզում Փաշինյանը խնդիր է դրել ցույց տալ խուլիգանական տրամադրություններ և վերագրել նախկին իշխանության ներկայացուցիչներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը իշխանական իր աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցը երկար ժամանակ ծրագրված էր, և այս ընթացքում նախապատրաստական աշխատանքներ էին ընթանում, պարզապես որոշված չէր, թե կոնկրետ որ օրն է այն լինելու: Իր այցից առաջ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ էր ուղարկել կառավարության ներկայացուցիչներին, տարածքային կառավարման և ենթարկառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին: Նրան հանձարարված է եղել գնալ և իմանալ, թե ինչ իրավիճակ է այնտեղ, ինչպիսի տրամադրություններ են Սյունիքի մարզում:
Հունիսի 20-ին պլանավորված արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ Փաշինյանը խնդիր է դրել ցույց տալ, թե ինչքան բարի և ներողամիտ լիդեր է, ինչքան ագրեսիվ են իր դեմ պայքարողները: Նա ցանկանում է հալածյալի կերպարով հանդես գալ հանրության մոտ, որպեսզի նախկինների նկատմամբ դիվիդենտներ հավաքելով՝ ձայներ հավաքի: Կոնկրետ Սյունիքի մարզում նա խնդիր է դրել ի ցույց դնել խուլիգանական տրամադրությունները, դրանք վերագրել նախկին իշխանության ներկայացուցիչներին՝ որպես բերված անձինք: Եվ որպեսզի այս ամենը տեղի չունենար նախընտրական քարոզչության շրջանում, սկանդալ լիներ, նա որոշեց նոյեմբերի 9-ի կառավարության և առանձնատան ջարդուփշուրի, թիկնազորին քաշքշելու սցենարով հիմա կազմակերպել ագրեսիայի բացթողումը, հասցնել պատժել ագրեսիվ սյունեցիներին, որպեսզի ընտրությունները ավելի կանխատեսելի միջավայրում անցկացվեն:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզը մշտապես խնդիրներ է առաջացրել Փաշինյանի համար, քանի որ այնտեղ համայնքապետերը երբեք էլ չեն ենթարկվել իշխանություններին: Նրանք բոլորը խմբվել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ ադմինիստրատիվ նախկին տնօրեն Վահե Հակոբյանի շուրջ, որը ստեղծել է նոր կուսակցություն: Երեկ կասկածներ էին հնչում, որ սյունեցիների ագրեսիան ուղղորդվում էր հենց Հակոբյանի կողմից: Եվ չնայած Նիկոլ Փաշինյանն ամբողջ ընթացքում շրջում էր հայհոյանքների ներքո, այնուամենայնիվ, երեկ ԱԺ-ում իմքայլականները համոզմունք էին հայտնում, թե իրենք հաղթանակել են, քանի որ Փաշինյանը էլի ընկալվեց որպես նախկինների կողմից հալածվող»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: