ԱՄՀ. Հայաստանի տնտեսական աճը 2021 թվականին կլինի մոտ 1 տոկոս
«Հայաստանի տնտեսության վերականգնումը հավանական է, որ կձգձգվի: Թեպետ վերականգնման տեմպի հետ կապված անորոշություն կա, ակնկալվում է, որ տնտեսական աճը 2021 թվականին կլինի մոտ 1 տոկոս, իսկ 2022 թվականին հնարավոր վերականգնումը՝ մոտ 3.5 տոկոս»։ Ասված է Արժույթի միջազգային հիմնադրամի տարածած հայտարարության մեջ։
Հիմնադրամից մանրամասնում են, որ ԱՄՀ աշխատակազմի թիմը՝ Նեյթան Փորթերի ղեկավարմամբ, աշխատակազմի մակարդակով վիրտուալ քննարկումներ է ունեցել Հայաստանի իշխանությունների հետ 2021 թվականի ապրիլի 6- 21-ի ընթացքում՝ անդրադառնալով վերջին շրջանի տնտեսական զարգացումներին, հեռանկարներին և ապագայում քաղաքականության գերակայություններին: Այցի ավարտին պարոն Փորթերը հանդես է եկել հայտարարությամբ։
ԱՄՀ հայտարարության փոխանցմամբ, ակնկալվում է, որ գնաճն իր առավելագույնին կհասնի 2021 թվականի առաջին կեսին, որից հետո կնվազի՝ տարեվերջին հասնելով մոտ 4 տոկոսի, երբ այլևս չի զգացվի ներմուծվող պարենի գնաճի ժամանակավոր ազդեցությունը և վերջերս արձանագրված՝ արժույթի արժեզրկման հետևանքը:
«Ակնկալվում է, որ ընթացիկ հաշվի պակասուրդը կընդարձակվի՝ 2021թվականին հասնելով ՀՆԱ-ի շուրջ 5 տոկոսին, երբ աստիճանաբար կվերականգնվեն ակտիվությունը և ներմուծումը: Ակնկալվում է, որ պահուստների մակարդակը կմնա բավարար՝ շնորհիվ նաև այս տարվա սկզբին եվրապարտատոմսերի թողարկման: Մոտ ապագայում ավելի բարենպաստ զարգացումների հավանականությունը կարող է պայմանավորված լինել պատվաստումների գործընթացի՝ ակնկալվածից ավելի արագ կազմակերպմամբ, մինչդեռ վարակման նոր ալիքները կամ համաշխարհային ֆինանսական շուկաների անկայունության խորացումը կամ առևտրային լարվածությունները կարող են դանդաղեցնել վերականգնումը և լրացուցիչ արտաքին ճնշումներ ստեղծել»,-ասված է հայտարարության մեջ։
Անդրադառնալով Հայաստանում իրականացվող դրամավարկային քաղաքականությանը՝ ԱՄՀ-ն այն պատշաճ է որակում։
«ՀՀ ԿԲ-ն նախաձեռնողաբար գործեց՝ բարձրացնելով քաղաքականության տոկոսադրույքը 100 բազիսային կետերով 2020 թվականիի դեկտեմբերին և լրացուցիչ 25 բազիսային կետերով 2021 թվականի փետրվարին՝ ակնկալելով որ գնաճն ավելանալու է՝ պայմանավորված պարենի համաշխարհային գների կտրուկ բարձրացմամբ և դրամի արժեզրկմամբ: ՀՀ ԿԲն պետք է շարունակի ուշադիր հետևել գնաճի հեռանկարին և պատրաստ մնալ՝ ըստ անհրաժեշտության ճշգրտելու դրամավարկային քաղաքականությունը՝ թույլատրելով, որպեսզի փոխարժեքը կատարի ցնցում կլանելու իր գործառույթը: Թեպետ ֆինանսական հատվածի լարվածության որևէ նշաններ չկան, սակայն համավարակի հետևանքները դեռևս շարունակում են ի հայտ գալ՝ ընդգծելով , որ ՀՀ ԿԲ-ն պետք է շարունակի զգոնություն ցուցաբերել իր կողմից իրականացվող ընթացիկ վերահսկողության շրջանակում` անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկելու նպատակով: Չնայած որ չաշխատող վարկերն ավելացել են՝ հունվարին հասնելով 7.3 տոկոսի, բանկերը մնացել են լավ կապիտալացված և իրացվելի»,-նշում են ԱՄՀ փորձգետները։
Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ավելի վաղ հայտարարել էր տնտեսական երկնիշ աճի հնարավորության մասին, ինչը ծաղրի առարկա էր դարձել քաղաքացիների ու տնտեսագետների շրջանում։
Հարակից հրապարակումներ`
- Yerevan.Today. Եվրոբոնդերի 750 մլն դոլարը ծառայում է Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանմանը
- Կառլեն Խաչատրյան. Ի՞նչ եք կարծում, բարեկեցության ապահովման համար ո՞ր ճանապարհով է պետք գնալ՝ Քերոբյանի, թե Ջոբսի
- Պոպուլիստական հայտարարություններով հնարավոր չէ դրական սպասումներ ստեղծել հանրության մոտ. Սուրեն Պարսյանը՝ Վահան Քերոբյանի գրառման մասին
- Ընդդիմադիր պատգամավորը՝ Քերոբյանի տնտեսական երկնիշ աճի մասին
- Քաղաքացիներն արձագանքում են Քերոբյանին. «Ինչքան ուժ ունեք խայտառակվեք»