Ջեն Փսաքին՝ Ցեղասպանության մասին․ Շաբաթ օրը մենք ավելին կունենանք ասելու
Ապրիլի 21-ին Սպիտակ տան ամենօրյա մամլո ասուլիսին ԱՄՆ նախագահի մամլո խոսնակ Ջեն Փսաքին պատասխանել է Հայոց ցեղասպանության տարելիցի վերաբերյալ հնչած հարցին, գրում է Ամերիկայի Ձայնը։
Լրագրողը հիշատակել է, որ գալիք շաբաթ օրը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, որի առիթով ամերիկացի օրենսդիրները երկու կուսակցություններից նամակ են հղել նախագահին` խնդրելով կատարել իր նախընտրական խոստումը Հայոց ցեղասպանույունը ճանաչելու վերաբերյալ: Արդյո՞ք նախագահը պատրաստվում է կատարել իր խոստումը մինչև այդ օրը, հնչած հարցին ԱՄՆ նախագահի խոսնակը պատասխանել է.
«Ես ակնկալում եմ, որ շաբաթ օրը մենք ավելին կունենանք ասելու Հիշատակի օրվա մասին»,-ասել է Փսաքին:
Հիշեցնենք, որ ամեն տարի ապրիլի 24-ին կամ դրա նախօրեին Սպիտակ տունը հանդես է գալիս հայտարարությամբ հայ զոհերի Հիշատակի օրվա կապակցությամբ: Առ այսօր Սպիտակ տունը խուսափել է կիրառել ցեղասպանություն եզրույթը իր հայտարարության տեքստում՝ փոխարենը օգտագործելով Մեծ Եղեռն, աղետ, ողբերգություն բառերը:
Հիշեցնենք նաև, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը իր պաշտոնում նշանակվելու ժամանակ հայտարարել էր, որ Բայդենի վարչակազմը կխորհրդակցի ԱՄՆ Կոնգրեսի հետ այս հարցի շուրջ: ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները դեռևս 2019 թ-ին ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան