Ազգականին դանակահարած ու ոստիկանների ուղղությամբ կրակած տղամարդը կրակել է իր ծնոտին
Ապրիլի լույս 22-ի գիշերը Վաղարշապատի բաժին հիվանդանոցից հաղորդում ստացվեց. դանակահարված տղամարդ էր տեղափոխվել բուժօգնության։ Վնասվածքը կրծքավանդակի ձախ կեսին էր։ 60-ամյա տղամարդն ի վիճակի չէր բացատրություն տալու։
Ոստիկանության փոխանցմամբ, օպերատիվ խումբը բուժհաստատություն հասնելուց րոպեներ անց մեկնեց Էջմիածնի Օստրովսկու փողոց, որտեղ, ըստ տեղեկությունների, դանակահարվել էր տղամարդը։ Օստրովսկու փողոցում արնանման հետքեր կային։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Վաղարշապատի քրեական հետախույզները պարզեցին՝ ինչ էր կատարվել։
Ըստ տեղեկությունների՝ 60-ամյա տղամարդուն դանակահարել էր ազգականը, որի «Մերսեդեսը» տարածքում էր։ Շուտով հայտնի դարձավ, որ նա ևս թաղամասում է, ավելին՝ հրազենով զինված։ Դեպքի վայր ժամանեցին ոստիկանական նոր ուժեր, նաև քննիչներ ու փորձաքրեագետներ։ Քրեական հետախույզները, խմբերի բաժանված, սկսեցին որոնողական միջոցառումները։
Այդ ընթացքում 40-ամյա տղամարդը, տեսնելով ոստիկանության ծառայողներին, ինքնաձիգով անկանոն կրակոցներ արձակեց նրանց ուղղությամբ ու կրկին անհետացավ մթության մեջ։ Արդեն մոտավոր հայտնի դարձավ նրա թաքնվելու վայրը, որտեղից տղամարդը պահանջում էր, որ ոստիկանները հեռանան՝ սպառնալով կրկին կրակել։ Իրավապահները սկսեցին բանակցել՝ համոզելով զենքը վայր դնել ու մոտենալ իրենց։ Այդ ընթացքում լսվեց ևս մեկ կրակոց։
Քրեական հետախույզների խմբերը տարբեր ուղղություններով զգուշորեն մոտեցան ու տեսան, որ տղամարդը կրակել էր իր ծնոտին։ Վաղարշապատի ոստիկանները նրան անմիջապես հասցրին հիվանդանոց։
Հանցագործության գործիք ինքնաձիգն առգրավվել է։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: