Փողերի լվացում «ԱստրաԶենեկա»-ով. պատվաստանյութի ժամկետները շուտով լրանում են. Ներսիսյան
«Հայաստան է ներկրվել «ԱստրաԶենեկա» պատվաստանյութը, որի ժամկետը մայիսի 18-ին լրանում է»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց բժշկուհի Նունե Ներսիսյանը՝ անդրադառնալով Հայաստան ներկրված կորոնավիրուսային պատվաստանյութերին։
Նրա խոսքով, ամբողջ աշխարհում մարդիկ վախենում են այդ պատվաստանյութից, քանի որ ինչպես ցույց են տվել հետազոտությունները, այն մարդանց մոտ թրոմբ է առաջացնում։
«Մարդիկ սարսափում են այդ պատվաստանյութից, իսկ մայիսի 18-ից այդ պատվաստանյութը նաև ժամկետնանց կլինի։ Ու ինչն է հետաքրքիր, այդ պատվաստանյութը վաղուց ներկրվել է Հայաստան, իմ տեղեկություններով Արսեն Թորոսյանն ինքն է այդ գործարքի գլխին կանգնած եղել ու բավականին լուրջ գումար է փոխանցվել։ Իրենք ասում են, որ մեկ դեղաչափն արժի 26 դոլար, բայց Հայաստանն այն ձեռք է բերել 4 դոլարով։ Ամեն դեպքում դա էլ է լուրջ գումար, և հետաքրքիր է ինձ, թե ով է պատասխան տալու այդ գումարների համար»,- նշեց նա։
Ըստ բժշկի, «ԱստրաԶենեկա»-ն ձեռք բերելիս փողերի լվացում է եղել Արսեն Թորոսյանի կողմից։
«Իրենք անընդհատ հայտարարում են, որ «ԱստրաԶենեկա»-ով պետք է պատվաստվեն 55-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիները, և չեմ հասկանում, թե ինչ են ուզում արած լինել, որտեղ է այդտեղ լոգիկան։ Այդ տարիքում արդեն իսկ մարդիկ ռիսկային խմբում են գտնվում, և բնական է, որ բոլորն էլ ունենում են որոշակի առողջական խնդիրներ։ Եվ այդ մարդկանց վերցնել ու պատվաստել, նշանակում է, որ նրանց որպես փորձաճագարներ են օգտագործում։ Մեկ այլ խնդիր էլ կա, որ առողջապահության նախարարի մայրը «Սպուտնիկ V»-ով է պատվաստվել, իսկ ինչո՞ւ։ Հասկանո՞ւմ եք՝ իրենք նույնիսկ պատվաստելիս են տարանջատումներ ներկայացնում»,- շեշտեց նա։
Նունե Ներսիսյանի խոսքով, մարդիկ, որոնք գնում են պատվաստման, պետք է ուղղորդման թերթիկ ստանան, որ մարդիկ տեղյակ լինեն, եթե իրենք այսինչ պատվաստանյութը ստանալիս կարող են ունենալ այսինչ-այնինչ խնդիրները, որոնց տակ մարդը պետք է ստորագրի, նոր նրա համաձայնույունից հետո իրեն կկարողանան պատվաստել։
«Բայց երեկվա տվյալներով՝ ոչ ոք նման համաձայնագիր չի ստորագրել, նման թերթիկ չի տրամադրվում քաղաքացիներին։ Եվ ես վստահ եմ, որ առողջապահության գործող նախարարը որևէ որոշում ինքնուրույն չի ընդունում, բոլոր որոշումները դեռ Արսեն Թորոսյանն է կայացնում, և նա շարունակում է ազգին կործանել»,- նկատեց նա։