ԵԽԽՎ կոչն Ադրբեջանին՝ անհապաղ վերադարձնել գերիներին, պաշտպանել մշակութային ժառանգությունը, սկսել խաղաղ բանակցությունները
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովն այսօր հայտարարություն է ընդունել։
Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները և իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել 2020 թ. նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունից հետո, Եվրոպայի խորհրդի համար մեծ կարևորություն ունեն, որոնց հետևել է Մոնիտորինգի հանձնաժողովը: Այլ համապատասխան կոմիտեների հետ համակարգմամբ, այն լսել է երկու երկրների ներկայացուցիչների, ինչպես նաև անկախ փորձագետների, իսկ Հայաստանի և Ադրբեջանի համազեկուցողները պարբերաբար հանդես են եկել տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ համատեղ հայտարարություններով:
Կոմիտեն համոզված է, որ երկու երկրների ազգային խորհրդարանները կարող են և պետք է կարևոր դերակատարություն ունենան՝ անհապաղ անհրաժեշտ վստահության միջոցների, հաշտեցման գործընթացի և կողմերի միջև խաղաղության բանակցությունների վերսկսման գործում: Հետևաբար, այն ողջունում է եռակողմ հայտարարության իրականացման գործում գրանցված առաջընթացը, բայց իր մտահոգությունն է հայտնում այն վերաբերյալ, որ այս հակամարտության համատեքստում գերեվարված ոչ բոլոր անձինք են փոխանակվել: Բացի այդ, Կոմիտեն գտնում է, որ երկու կողմերն էլ պետք է ամրապնդեն իրենց համագործակցությունն ու հաղորդակցությունը՝ ուղղված նշված տարածքների ականազերծմանը, քաղաքացիական բնակչության անվտանգության ապահովման նպատակով:
«Կոմիտեն կրկնում է, որ եռակողմ հայտարարության 8-րդ հոդվածի հստակ նպատակը բոլոր գերեվարված անձանց փոխանակումն է՝ առանց տարբերակելու այն կարգավիճակը, որը այդ մարդկանց տվել են կողմերից մեկի կողմից:
Ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արտահայտված մտավահոգությունները՝ Ադրբեջանի կողմից ենթադրաբար գերված 188 հայերի վերաբերյալ, Կոմիտեն կոչ է անում Ադրբեջանին՝ ապահովել, որ բոլոր հայ կալանավորվածներն ազատ արձակվեն առանց հապաղելու ու լինեն Հայաստանի իշխանությունների խնամքի տակ»,-ասվում է հայտարարության մեջ։
Կոմիտեի կարծիքով, հաշտության և իրական խաղաղության հաստատման համար բարենպաստ միջավայր ստեղծելու համար կարևոր է միջազգային անկախ առաքելության ստեղծումը, որը կհետաքննի հակամարտությունն ու վերջին բախումների ժամանակ մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի խախտումները:
Ասվում է, որ մշակութային ժառանգությունը կարևոր է հակամարտության բոլոր կողմերի համար և առաջնահերթ խնդիր է դրա պաշտպանությունն ու նորոգումն ապահովելու համար անհրաժեշտ մեխանիզմների անհապաղ ստեղծումը:
Այդ իսկ պատճառով, Կոմիտեն հանձնարարել է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջև կոնֆլիկտների իր ենթահանձնաժողովին` ավելի մանրամասն ուսումնասիրելու այս երկու հարցերի կոնկրետ մեխանիզմները:
Ի վերջո, Կոմիտեն երկու կողմերին էլ կոչ է անում կառուցողականորեն համագործակցել համապատասխան միջազգային ինստիտուտների, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ՝ եռակողմ հայտարարությունն ամբողջությամբ իրականացնելու նպատակով և սկսելու խաղաղ բանակցությունները:
Հարակից հրապարակումներ`
- Կարևոր հարցերից է նաև մշակութային ժառանգությունը, որով հարուստ է այդ տարածաշրջանը․ Կիմմո Կիլյունենը՝ ԵԽԽՎ-ում
- Ռազմագերիները պետք է վերադարձվեն՝ առանց եթե-ների ու բայց-երի․ քննարկում ԵԽԽՎ-ում
- Եկեք չմոռանանք, որ այս թվերի ետևում մարդիկ են․ ԵԽԽՎ պատգամավորը՝ գերիների հարցի քննարկմանը
- Պետք է թողնել, որ բոլոր հայ ռազմագերիները տուն գնան. ԵԽԽՎ-ի ավստրիացի պատվիրակի կոչը Ադրբեջանին
- Ոչ միայն ԵԽԽՎ-ն, այլև ողջ միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանին. Նաիրիա Կարապետյան
- ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցի քննարկմանը դեմ են քվեարկել Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը
- ԵԽԽՎ-ն հաստատեց Ադրբեջանում հայ գերիների մասին քննարկման անցկացումը