«Ճանաչե՛ք Հայոց ցեղասպանությունը»․ Ջո Բայդենին հորդորում են ավելի քան 100 կոնգրեսականներ
Այսօր ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հայկական հարցերով հանձնախմբի երկկուսակցական համանախագահներ Ադամ Շիֆը, Գուս Բիլիրակիսը, Ֆրենք Փալոնը, Դեյվիդ Գ. Վալադաոն և Ջեքի Սփիըրը Կոնգրեսի ավելի քան 100 գործընկերների հետ միասին նամակ են հղել նախագահ Ջոզեֆ Բայդենին`հորդորելով նրան ապրիլի 24-ին` հիշատակի օրը, իր հայտարարության մեջ պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Ապրիլի 24-ին աշխարհը նշելու է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը՝ 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության կողմից 1.5 միլիոն հայերի սիստեմատիկ սպանությունը և տեղահանությունը: Սակայն տասնամյակներ շարունակ, մինչ աշխարհի առաջնորդները ճանաչում են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, Միացյալ Նահանգների նախագահը լռում է: Մենք միանում ենք հպարտ ամերիկահայ համայնքին և բոլոր նրանց, ովքեր սատարում են ճշմարտությունն ու արդարությունը` խնդրելով, որ ապրիլի 24-ի Ձեր հայտարարության մեջ հստակ և ուղղակիորեն ճանաչեք Հայոց ցեղասպանությունը», - գրում են Ներկայացուցիչների պալատի անդամներն իրենց նամակում:
Հիշեցնենք, որ 2019 թվականին թե՛ Ներկայացուցիչների պալատը, թե՛ Սենատը ընդունեցին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող բանաձևեր: Ներկայացուցիչների պալատի թիվ 296 բանաձևն անցավ ուժեղ երկկուսակցական կոնսենսուսով`ձայների 405-11-ի հարաբերակցությամբ: Սենատում թիվ 150 բանաձևն ընդունվեց միաձայն:
Նախագահ Բայդենին հղված նամակն այսօր ստորագրել են Կոնգրեսի ավելի քան 100 անդամներ, այդ թվում ՝ ներկայացուցիչներ Բրեդ Շերմանը, Հոակին Կաստրոն, Գրեյս Ֆ Նապոլիտանոն, Շեյլա Ջեքսոն Լին, Ջեյմի Ռասքինը, Ջոն Սարբենսը, Էնդի Լևինը, Էլեոնորա Հոլմս Նորթոնը, Քերոլին Մալոնին և այլոք:
«Մենք ողջունում ենք Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարությանը` կարևորելով Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ-ի արձանագրությունը վերահաստատելու կարևորությունը, որը կոչ է անում նախագահ Բայդենին հավատարիմ մնալ Հայոց ցեղասպանության պատմական ճշմարտությունը ճանաչելու իր պարտավորությանը։ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության հաստատումը ոչ միայն բարձրացնում է Ամերիկայի վստահելիությունը մարդու իրավունքների հարցերում, այլ նաև օգնում է կանխել ապագա ցեղասպանությունները», - ասել է Ամերիկայի հայակական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
Հարակից հրապարակումներ`
- «Խայտառակ արարք». ցեղասպանությանը նվիրված թուրք հեղինակի գիրքը թարգմանվել է հայերեն
- Ջեն Փսաքին՝ Ցեղասպանության մասին․ Շաբաթ օրը մենք ավելին կունենանք ասելու
- Լոս Անջելեսն ապրիլը հայտարարել է որպես Հայոց պատմության ամիս
- Չավուշօղլու․ Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչումը ավելի կվնասի ՆԱՏՕ-ի դաշնակիցների արդեն իսկ լարված կապերին
- Ադամ Շիֆը՝ Բայդենին․ Ցեղասպանություն բառը կարևոր է, քանի որ այն անցյալի խնդիրը չէ, այլ նաև ներկայի
- Վերջին շաբաթներին ավելի քան 1 մլն նամակ է ուղղվել Սպիտակ տուն՝ քաջալերելու Բայդենին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- Լիբանանում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված նորակառույց կոթող
- Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին Բայդենին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- «Մենք կճանաչենք Հայոց ցեղասպանությունը». Սպիտակ տան խոսնակ