ԱՄՆ սենատոր․Ոչ միայն հիշում ենք 1.5 միլիոն հայերին, այլև պատմության մեջ նոր դարաշրջան ենք սկսում
ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, սենատոր Էդվարդ Մարքին հանդես է եկել հայտարարությամբ, երբ հայտնի է դարձել, որ Բայդենի վարչակազմը պատրաստվում է պաշտոնապես ճանաչել հայերի դեմ մեկ դար առաջ իրագործված ոճրագործությունը որպես ցեղասպանություն:
«Արդեն վաղուց ժամանակն է, որ Միացյալ Նահանգները պաշտոնապես ճանաչի հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունները որպես ցեղասպանություն», - գրել է սենատոր Մարքին:
«Ես ողջունում եմ Բայդենի վարչակազմին այն քայլի համար, որի մասին շատերն են խոստացել, բայց ոչ մեկը չի կատարել տրված խոստումը: 20-րդ դարի առաջին ցեղասպանության 106-րդ տարելիցին մոտենալիս, մենք ոչ միայն հիշում ենք 1.5 միլիոն հայերին, ովքեր կորցրեցին իրենց կյանքը, այլև պատմության մեջ նոր դարաշրջան ենք սկսում, երբ ԱՄՆ-ը պաշտոնապես ճանաչում է նրանց նկատմամբ իրագործված ոճրագործությունները:
Ես և իմ գործընկերներից շատերը տարիներ շարունակ կոչ ենք անում Միացյալ Նահանգներին ճանաչել այն և հաստատապես դիրքավորել մեզ պատմության արդար կողմում: «Այլևս երբեք» արտահայտությանը համապատասխանելու ձգտման միակ միջոցը անցյալը ազնվորեն և բացահայտ կերպով ընդունելն է: Բայդենի վարչակազմը իրավացիորեն մարդու իրավունքները դրել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության կենտրոնում, և այս քայլը կարևոր ուղերձ կհանդիսանա հղված ամբողջ աշխարհին, նրանց, որոնք կարծում են, թե կարող են առանց պատասխանատվություն կրելու կատարել հանցագործություններ: Ես շնորհակալություն եմ հայտնում ամերիկահայ համայնքին `ճանաչման համար տասնամյակներ շարունակ մղած պայքարի համար, և ես կշարունակեմ նրանց կողքին լինել, քանի որ ձգտում ենք բուժել անցյալի վերքերը: Միասին մենք կարող ենք հաղորդել դրական լիցք, դնել ապագայի նկատմամբ հույսի հիմքեր մի երկրի` Հայաստանի համար, որին հարգում և պատվում են նրա դաշնակիցներն ու բարեկամները»,- ասված է սենատոր Մարքիի ուղերձում:
Ամերիկայի Ձայնի հաղորդմամբ, 2021 թ. մարտի 19-ին սենատոր Մարքին սենատոր Բոբ Մենենդեսի և 35 այլ սենատորների հետ միասին ստորագրել էին մի նամակ, որով կոչ է արվում նախագահ Բայդենին դառնալ ԱՄՆ-ի առաջին նախագահը, որը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:
Հարակից հրապարակումներ`
- Սենատոր Մենենդեսի հայտարարությունը` Հայոց ցեղասպանությունը նախագահ Բայդենի կողմից ճանաչելու սպասելիքներով
- Արմեն Սարգսյանը նամակ է հղել Բայդենին
- NYT, Guardian, Business Insider, WSJ… Բայդենը մտադիր է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- «Ճանաչե՛ք Հայոց ցեղասպանությունը»․ Ջո Բայդենին հորդորում են ավելի քան 100 կոնգրեսականներ
- Ադամ Շիֆը՝ Բայդենին․ Ցեղասպանություն բառը կարևոր է, քանի որ այն անցյալի խնդիրը չէ, այլ նաև ներկայի