Ֆրանսիայի Սենատի նախագահի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում կմասնակցի ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին
Ս․թ․ ապրիլի 23-26-ը Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով, պաշտոնական այց կկատարի Հայաստան։
Սենատի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են Սենատի Արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի մշտական հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնը, ինչպես նաև քաղաքական խմբակցությունների նախագահներ Բրունո Ռըտայոն, Պատրիկ Կաները, Էրվե Մարսելը, Էլիան Ասասին և Գիյոմ Գոնտարը, ովքեր հանդիսանում են Սենատի 2020թ․ նոյեմբերի 25-ին ընդունած բանաձևի համահեղինակները, ինչպես նաև Սենատի «Ֆրանսիա-Հայաստան» միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, սենատոր Ժիլբեր-Լյուկ Դըվինան։
Ինչպես հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը, Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի պաշտոնական այցը կընթանա Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի պաշտոնական ոգեկոչման շրջանակում, որն այս տարի տեղի է ունենում 2020թ․աշնանը Ադրբեջանի և Թուրքիայի վայրագ հարձակման արդյունքում Հայաստանի համար չափազանց դժվարին համատեքստում։
2020թ․ նոյեմբերի 25-ին խմբակցությունների քաղաքական կողմնորոշումներից անդին՝ ձայների ճնշող մեծամասնությամբ, Սենատը Հայաստանին և հայ ժողովրդին համերաշխություն հայտնող բանաձև է ընդունել։ Տվյալ բանաձևով Սենատը Ֆրանսիայի կառավարությունից պահանջել է «ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և այն բանակցությունների գործիք դարձնել՝ հարատև խաղաղության հասնելու գործում»։
2021 թվականը նշանավորվում է նաև նախագահ Ժակ Շիրակի օրոք՝ Ֆրանսիայի խորհրդարանի և առաջին ընթերցմամբ Սենատի կողմից ընդունված 1915թ. Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրենքի 20-ամյակով։
Նախագահ Լարշեի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում հանդիպումներ կունենա Հայաստանի Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ։
Սենատի նախագահը և պատվիրակության անդամները կայցելեն նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ հանդիպում կունենան Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։
Այցին ընդառաջ՝ նախագահ Լարշեն հայտարարել է․ «Հայաստան այցելել հատկապես այս տարի, երբ այս երկիրն առավել քան երբևէ զգում է Ֆրանսիայի բարեկամության և աջակցության կարիքը, ինձ համար ակնհայտ կարևորություն է ներկայացնում։ Ֆրանսիան չի մոռանում։ Ֆրանսիան գիտակցում է, թե ինչով է պարտական իր քաղաքացիներին, որոնք արմատներով ամուր կառչած են Հայաստանի հողին»։
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան