Հարավային Կովկասը Թուրքիայի համար շարունակելու է մնալ ծավալապաշտական ուղղություն. Վարդան Ոսկանյան
«Հարավային Կովկասում Թուրքիայի դերի մասին խոսելիս մենք պետք է հաշվի առնենք, թե ինչ պետության հետ գործ ունենք, թե ինչ դինամիկայով է նա զարգանում»,- այսօր «Հայաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. իրողություններ և ռիսկեր» թեմայով խորհրդաժողովի ժամանակ ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Նրա խոսքով, երեկվա Թուրքիան այսօրվա Թուրքիան չի, և եթե թուրքը մնում է թուրք, ապա Թուրքիան փոփոխվում է։
«Այդ Թուրքիան փոփոխվում է հենց մեր աչքի առջև, հենց այսօր։ Եթե դիտարկենք էրդողանական Թուրքիայի խորքը, ապա ականատես կլինենք մի հետաքրքիր տեսարանի. մենք ունեցանք Թուրքիա, որը դուրս եկավ Քեմալ Աթաթուրքի ազգայնական սահմաններից՝ դառնալով տարածաշրջանային գերտերություն։ Բայց մենք գործ ունենք Թուրքիայի հետ, որը չունի համապատասխան ռեսուրսային բազա իր գերտերության շրջանակներն ընդլայնելու համար։ Եվ Թուրքիայի քաղաքական միտքն այսօր գնում է այլ ուղղությամբ՝ եղածն ամրագրել։
Նա հիմա փորձում է Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի հետ հարաբերությունները նորմալացնել, գրեթե հրաժարվում է Արևելյան միջերկրածովյան հատվածում ունեցած հավակնություններից, և հնարավորինս խուսափում է Ռուսաստանի հետ բախումներից»,- ներկայացրեց նա։
Բայց, ըստ Վարդան Ոսկանյանի, մի ուղղություն կա, որի դեպքում Թուրքիան չի սահմանափակվելու, դա Հարավային Կովկասն է։ Նրա խոսքով, ակնհայտ է, որ ռեսուրսային անբավարարության պայմաններում թուրքական նկրտումները ռեսուրսային բազա չեն պահանջում թյուրքալեզու պետություններում, իսկ դրանք, ցավալիորեն, գտնվում են կա՛մ Հայաստանի հարևանությամբ, կա՛մ Կասպից ծովից անդին։
«Ուստի այս ուղղություը Թուրքիայի համար շարունակելու է մնալ ծավալապաշտական ուղղություն»,- նկատեց նա։
Անդրադառնալով Իրանին՝ Վարդան Ոսկանյանն ասաց, որ այս դեպքում բոլորովին հակառակ գործընթացն է։
«Իրանը, սահմանափակված լինելով աշխարհի թիվ մեկ գերտերության հետ հակամարտությամբ, կարողացել է հաջողել ու դառնալ գերտերություն։ Սակայն, ի տարբերություն Թուրքիայի, Իրանի ռեսուրսային բազան անհամեմատ մեծ է, և իրանցիները համարում են, որ ԱՄՆ-ի սահմանափակումների շրջանցման պայմաններում իրենք ունակ են ավելիին, քան այսօր։ Եվ բնական է, որ եթե մենք դիտարկում ենք Հարավային Կովկասը, որտեղ և գտնվում է ՀՀ-ն, ապա բնական է, որ մենք գործ ունենք մի տարածաշրջանի հետ, որտեղ միշտ եղել են իրանցիներ։
Շարքային իրանցին նույնիսկ կարող է չիմանալ, որ Երևանը Իրանի սահմաներից դուրս է, որովհետև իրենք ապրում են միջնադարյան պարսից պոեզիայով»,- ներկայացրեց նա։
Ուստի, ըստ իրանագետի, այս տարածաշրջանը Իրանի համար խիստ կարևոր է։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի հանդեպ Հայաստանի դիրքորոշումը պետք է կոշտանա. Վարդան Ոսկանյան
- Պետք է ուշադիր լինել Թուրքիայի լարած թակարդին. Ռուբեն Մելքոնյան
- Ալիևը հակահայկականության առացքի շուրջ փորձում է պաշտպանել իր լեգիտիմությունը երկրի ներսում, դրա կարիքը զգալու է. Էդգար Էլբակյան
- Հայ-թուրքական հարաբերությունների հարցը գտնվում է մի խումբ քաղաքական գործիչների որոշումների կայացման մակարդակում. Գեղամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան