Այս իշխանությունները ներկայացնում են լավ փաթեթավորմամբ Թուրքիա, որն իրականում գոյություն չունի. Մելքոնյան
«Թուրքիայի հետ բարեկամության, ջերմ հարաբերություններ հաստատելու մասին պետական տարբեր պաշտոնյաների կողմից շրջանառվող թեզերը նպատակ ունեն թուլացնելու մեր հասարակության դիմադրությունը»,- այսօր «Հայաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. իրողություններ և ռիսկեր» խորագրով խորհրդաժողովից հետո լրագրողների հետ զրույցում ասաց թուրքագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։
Անդրադառնալով «ֆուտբոլային դիվանագիտության» համատեքստում Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ Մելքոնյանը նշեց, որ «Ֆուտբոլային դիվանագիտության» ժամանակ Հայաստանը Հայոց ցեղասպանության և Արցախի ճանաչման հարցում էական զիջումներ չի արել։
««Ֆուտբոլային դիվանագիտության» տապալումը ապացույցն էր այն բանի, որ Թուրքիան պատրաստ չէ կոնստրուկտիվ հարաբերություններ հաստատել իր հարևանի հետ և չի պատրաստվում հրաժարվել Հայաստանի հանդեպ թշնամական քաղաքականությունից։ Այն հայտարարությունները, որոնք հիմա հնչում են իշխանական տարբեր ներկայացուցիչների կողմից, բառի բուն իմաստով վտանգավոր են։
Այդ մարդիկ վտանգ են ներկայացնում մեր հասարակության համար, որովհետև թուլացնում են մեր զգոնությունը և ներկայացնում են լավ փաթեթավորմամբ Թուրքիա, որն իրականում գոյություն չունի։ Իրականում կա Թուրքիա, որը շարունակում է Հայաստանի հանդեպ թշնամական քաղաքականություն վարել»,- շեշտեց նա։
Ըստ թուրքագետի, ՀՀ իշխանությունների այսպիսի կեցվածքը մի բացատրություն ունի, այն է՝ միտումնավոր, ուղղորդված թուլացնել հայ ժողովրդի դիմադրողականությունը և զգոնությունը։
Հարցին, թե աշխարհաքաղաքական ինչ իրողությունների պարագայում է հնարավոր հավասարը հավասարի հետ երկխոսել Թուրքիայի հետ, Ռուբեն Մելքոնյանը պատասխանեց՝ ասելով, որ ի պատիվ հայոց պետականության, Հայաստանն անկախությունից ի վեր առաջ է քաշել իր համար կարմիր գծեր, որոնցից մինչև 2018 թվականը զիջում չի արվել։
«Հայաստանը միշտ առաջ է քաշել հետևյալ կարգախոսը՝ Թուրքիայի հետ պատրաստ է հարաբերություններ հաստատել, բայց միայն առանց նախապայմանների։ Այսինքն՝ պատմական խնդիրները, հայությանը և Հայաստանին Թուրքիայի կողմից հասցված վնասները երբեք հնարավոր չէ մոռանալ, և դրանց հաշվին հարաբերություններ հաստատելը անընդունելի է։ Թուրքական տրամաբանությունը հետևյալն է՝ եթե ցանկանում եք բացել սահմանները և էժան ապրանքներ ներկրել, ապա մոռացեք Հայոց ցեղասպանության հարցը, մոռացեք ձեր պատմական հիշողությունը, մոռացեք ինքներդ ձեզ»,- նկատեց թուրքագետը։
Նրա խոսքով, այդ նախապայմանները կյանքի կոչելու համատեքստում թուրքական կողմի համար ՀՀ ներկա իշխանությունները շատ ձեռնտու են և դիմադրողականության բացակայության պայմաններում ամենահարմար պահն է Հայաստանին ստիպել, որ ընդունի այդ նախապայամանները։
Հարակից հրապարակումներ`
- Հարավային Կովկասը Թուրքիայի համար շարունակելու է մնալ ծավալապաշտական ուղղություն. Վարդան Ոսկանյան
- Թուրքիայի այն հատվածներում է ծնելիության մակարդակը բարձր պահվում, որտեղ բնակիչներն ընտրել են Էրդողանին. Հրանտ Միքայելյան
- Պետք է ուշադիր լինել Թուրքիայի լարած թակարդին. Ռուբեն Մելքոնյան
- Ալիևը հակահայկականության առացքի շուրջ փորձում է պաշտպանել իր լեգիտիմությունը երկրի ներսում, դրա կարիքը զգալու է. Էդգար Էլբակյան
- Վահագն Չախալյան. Մենք սաստկացնում ենք մեր պայքարը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան