Մյասնիկ Մալխասյան. Սմբատ Հակոբյանին ծեծելու գործի բացահայտումն առաջին հերթին իշխանություններին է պետք
Այս պահին մի խումբ ազատամարտիկներ, քաղաքացիներ հավաքվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի դիմաց՝ իրենց բողոքն արտահայտելու ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծելու վերաբերյալ:
Բողոքի ակցիային մասնակցող Մյասնիկ Մալխասյանի խոսքով, գործի բացահայտումն առաջին հերթին իշխանություններին է պետք, որպեսզի բոլորը համոզվեն, որ ծեծը իշխանությունների կողմից հրահրված հաշվեհարդար չէ: Նա կարծիք հայտնեց, որ անկախության օրը ազատամարտիկի նկատմամբ նման վերաբերմունքը բարբարոսություն է, և խոսում է այն մասին, որ երկրում անպատժելիության մթնոլորտը շարունակվում է:
«Կարծում եմ, այս ուղերձը պետք է մեր ժողովուրդը ճիշտ հասկանա, հետևություններ անի ու ճիշտ գնահատական տա, որովհետև նման վերաբերմունքն անթույլատրելի է: Ժողովուրդը պետք է ձեռնամուխ լինի երկրում օրինակության վերականգնմանը»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Սմբատ Հակոբյանը ծեծի էր ենթարկվել սեպտեմբերի 21-ին Աբովյան փողոցում, «Հայազն» կուսակցության երթին մասնակցելու ընթացքում:
Քննչական կոմիտեից երեկ հայտնեցին, որ Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Սմբատ Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ։
Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Սմբատ Հակոբյանը 2015թ. սեպտեմբերի 21-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը` ժամը 15:00-ի սահմաններում, Աբովյան փողոցում հինգ անհայտ անձինք անհիմն վիճաբանել են իր հետ, որի ընթացքում ձեռքերով, ոտքերով, ձեռքի տակ ընկած առարկաներով հարվածել մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ս.Հակոբյանի հիվանդության պատմագրի համաձայն` վերջինի մոտ ախտորոշվել է «կրծքավանդակի փակ կոտրվածք, 8-րդ կողի կոտրվածք, պնևմոթորաքս, ենթամաշկային էմֆիզեմա աջից»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում