«ԵՊՀ գիտական խորհուրդը դատապարտում է իշխանությունների և նրա առանձին ներկայացուցիչների նման գործելաոճը»
Ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 49-րդ կետի 12-րդ ենթակետով, ԵՊՀ գիտական խորհրդի կանոնակարգի 4-րդ կետի 12-րդ ենթակետով՝ Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ.
«Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած իրադարձություններից հետո իշխանությունները, ակնհայտ բացասական դիրքորոշում որդեգրելով Երևանի պետական համալսարանի նկատմամբ, ձեռնարկեցին մինչև օրս շարունակվող գործընթացներ, որոնք էական, շատ դեպքում անդառնալի վնաս են հասցնում Մայր բուհի հեղինակությանը` վտանգելով նրա բնականոն գործունեությունը։ Հարկ ենք համարում հատուկ շեշտել, որ մինչ օրս բացառապես Մայր բուհի կոլեկտիվի, համալսարանականների ջանքերի շնորհիվ այն ամբողջապես չի խաթարվել:
ԵՊՀ-ի դեմ իշխանությունների բացասական մոտեցման բարձրակետը համալսարանի կառավարման բարձրագույն մարմնի՝ Հոգաբարձուների խորհրդի հետ կապված ոդիսականն է, որը շարունակվում է արդեն մեկ տարուց ավելի: Իսկ օրերս Հոգաբարձուների խորհրդի 15 անդամներ, որոնք ընդամենը մի քանի ամիս առաջ էին նշանակվել կառավարության և լիազոր մարմնի կողմից, բացահայտ արհամարհական և անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով Մայր բուհի նկատմամբ, «տարօրինակ» զուգադիպությամբ, ըստ ամենայնի ղեկավարվելով մեկ կենտրոնից, 1-2 օրվա ընթացքում խորհրդից դուրս գալու դիմումներ են գրել:
Դրա հետևանքով այսօր Հոգաբարձուների խորհուրդը փաստացի զրկվել է ԵՊՀ կառավարման բարձրագույն մարմնի իր գործառույթը լիարժեք իրականացնելու հնարավորությունից, ինչի ամենացայտուն դրսևորումը շուրջ երկու տարի ռեկտորի ընտրության հարցի արհեստական ձգձգումն է:
Լիազոր մարմնի ղեկավարն այսքանից հետո ոչ միայն չի դատապարտում վերջիններիս վարքագիծը, այլև մտացածին, մանիպուլյատիվ պատճառաբանությամբ արդարացնում է այն` ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի աշխատանքները խաթարելու մեղքը անհիմն բարդելով խորհրդի համալսարանական որոշ անդամների վրա, ակնհայտորեն գերազանցելով իր լիազորությունները` ոլորտի ղեկավարին ոչ հարիր արտահայտություններով, սպառնում է վերջիններիս «գրեթե» քրեական հետապնդմամբ:
Իրականում, եթե խորհրդի վերոհիշյալ անդամները մտահոգված էին խորհրդի կողմից ընդունված որոշման «խեղաթյուրման» փաստով, ապա պարզ տրամաբանությունը հուշում է ներկայանալ նիստին, հիմնավորել խախտման փաստը, պահանջել ուղղել թույլ տրված սխալը, պատժել մեղավորներին՝ դրանով իսկ չխաթարելով խորհրդի բնականոն գործունեությունը:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ ԵՊՀ գիտական խորհուրդը դատապարտում է իշխանությունների և նրա առանձին ներկայացուցիչների նման գործելաոճը, այն համարում անընդունելի և պահանջում լիազոր մարմնից դադարեցնել ապակառուցողական գործունեությունը, վերջապես գիտակցել իր պատասխանատվությունը Մայր բուհի նկատմամբ և անհապաղ ձեռնարկել իր գործառույթներից բխող անհրաժեշտ քայլեր:
Ընդունվել է ԵՊՀ գիտական խորհրդի 23.04.2021 թ. արտահերթ նիստում՝ 46 կողմ, 9 դեմ, 13 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Մալխասյան. ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը պետք է աշխատի
- ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար. Սա ոչ մի լավ տեղ չի տանում
- Կառլեն Խաչատրյան. Չենք թողնելու, որ ԵՊՀ-ն քանդվի
- ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում արդեն քվորում կա. Առաջարկվեց խորհրդի նախագահ ընտրել
- «Կամ ԵՊՀ ռեկտորը կլինի մեր մարդը, կամ ռեկտոր չի ունենա». Եզրակացություն՝ կառավարության քայլերից
- ԵՊՀ կառավարման բարձրագույն մարմնի անդամների այսօրինակ վարքագիծը աննախադեպ է և խստորեն դատապարտելի
- Եթե խնդիրն իսկապես ԵՊՀ ռեկտորի ընտրության հարցն է, թող գան, տեղում ասեն. Միքայել Մալխասյան
- Այս իշխանությունը տկար է, չի կարող իր ծրագրերը բուհի հետ իրականացնել և նման շատ այլ փաստեր. ԵՊՀ ուսխորհրդի նախագահ
- ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ՝ կառավարության անդամների բացակայության պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին