Թուրքիայի այն հատվածներում է ծնելիության մակարդակը բարձր պահվում, որտեղ բնակիչներն ընտրել են Էրդողանին. Հրանտ Միքայելյան
«Թուրքիան շատ արագ աճող երկիր է, տարեկան մոտ 1 միլիոն բնակչություն է ավելանում։ Միջին տարիքը բավականին երիտասարդ է, շատ արագ ուրբանիզացվող հասարակություն է՝ 85 տոկոս քաղաքային բնակչություն»,- այսօր «Հայաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. իրողություններ և ռիսկեր» թեմայով խորհրդաժողովի ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ անդրադառնալով Թուրքիայի ժողովրդագրական քաղաքականությանը։
Նրա խոսքով, Թուրքիային շատ բնորոշ է ինտենսիվ ներքին միգրացիան, ինչպես նաև միգրանտների «ներկրումը»։ Այնտեղ ծնելիության մակարդակը կայուն բարձր է։
«Այսպիսով, Թուրքիայի սեռատարիքային բալանսը շատ լավ պահպանված է։ Միևնույն ժամանակ, նորածնային մահացությունը Թուրքիայում բավականին բարձր է։ 1940-60 թթ. Թուրքիայում իրականացվում է բարձր ծնելիության քաղաքականություն, այդ ժամանակ գործակիցը 6.5 էր, այսինքն՝ մեկ կինը մոտ 6.5 երեխա պետք է լույս աշխարհ բերեր, և իշխանությունները փորձում էին այդ մակարդակը պահպանել։ Իսկ 1963-ից սկսեցին իրականացնել ծրագրեր, որտեղ բարձր ծնելիությունը դիտարկվում էր արդեն որպես խնդիր։ Եվ մինչև Էրդողանի գալը շեշտը դրվեց ծնելիության մակարդակը նվազեցնելու վրա։ Իսկ Էրդողանը այդ քաղաքականությունը վերանայեց, և 2.2 դարձավ ծնելիության գործակիցը»,- ներկայացրեց նա։
Ըստ քաղաքագետի, թրքաբնակ քրդերի շրջանում ավելի բարձր է ծնելիությունը, իսկ սևծովյան շրջանում՝ ցածր։
«Կա մի հետազոտություն, որ հրապարակվել է 2018 թվականին, որտեղ նշվում է, որ Էրդողանի քաղաքականությունն ապակենտրոնացրել է ծնելիությունը, և դրա մակարդակն ավելի է բարձրացվել այն շրջաններում, որոնք 2002 թվականին ընտրել են Էրդողանին։ Այսպիսով, Էրդողանը վերարտադրում է իր ընտրազանգվածը և նրան շատ լայն աջակցություն է ցուցաբերում։ Այն մարդիկ, որոնք ծնվել են 2002-ին, արդեն կարող են քվեարկել»,- ներկայացրեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի հանդեպ Հայաստանի դիրքորոշումը պետք է կոշտանա. Վարդան Ոսկանյան
- Պետք է ուշադիր լինել Թուրքիայի լարած թակարդին. Ռուբեն Մելքոնյան
- Ալիևը հակահայկականության առացքի շուրջ փորձում է պաշտպանել իր լեգիտիմությունը երկրի ներսում, դրա կարիքը զգալու է. Էդգար Էլբակյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան