Կոստան Զարյանի արխիվային հավաքածուն ամբողջացել է
Այսօր Մաշտոցյան Մատենադարանի արխիվային հավաքածուն համալրվել է հայ ականավոր գրող, բանաստեղծ, վիպասան և արվեստաբան Կոստան Զարյանի ձեռագրերի Կանադայում գտնվող դիվանով: Նախապես Մատենադարանին էին հանձվել Կ. Զարյանին վերաբերող Հայաստանում և Իտալիայում պահվող նյութերը: Այսպիսով, ամբողջացավ այս արժեքավոր արխիվը, որի պահպանումը Մատենադարանին են վստահել Կոստան Զարյանի ժառանգները՝ Սիրվարդ, Անաիս, Արա և Վալտեր Զարյանները: Այս մասին տեղեկանում ենք Մատենադարանի ֆեյսբուքյան էջից։
Հավաքածուի մաս են կազմում նաև Կոստան Զարյանի որդու՝ ճարտարապետ Արմեն Զարյանի տարբեր լեզուներով գրված, անտիպ ու հրատարակված ձեռագիր և մեքենագիր նյութերը:
Մատենադարանի Արխիվի և արխիվագիտության բաժնում գիտական մշակումն ավարտելուց հետո հավաքածուն հասանելի կլինի ուսումնասիրողների համար: Զուգահեռ իրականացվելու են նաև արխիվի թվայնացման աշխատանքները:
«Համոզված ենք, որ թեմայով զբաղվող գիտնականներն ուշագրավ նյութեր կգտնեն այս հարուստ դիվանում, որոնք էլ կհանրայնացվեն նոր հրատարակություններով»,- նշում են Մատենադարանից։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան