Ռոբերտ Քոչարյան. Այսօր անվտանգության հարցերում չի արվում ոչինչ
«Պատերազմից անցել է վեց ամիս, դուք որևէ քննարկում մեր խորհրդարանում լսե՞լ եք անվտանգության հարցերի շուրջ, դուք կառավարության որևէ որոշում տեսե՞լ եք, որը կվերաբերի մեր զինված ուժերին»,- ապրիլի 21-ին իր աջակիցների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Ռոբերտ Քոչարյանը հիշեցրել է, որ նախորդ տարի կառավարությունն ընդունել էր անվտանգության հայեցակարգ, որում որևէ անգամ ներառված չէր «Արցախի Հանրապետություն» բառը, ինչից ամիսներ հետո եղավ պատերազմը։
«Հայեցակարգում որևէ փոփոխություն եղե՞լ է։ Չի եղել։ Այսօր անվտանգության հարցերում չի արվում ոչինչ»,- նշել է ՀՀ երկորրդ նախագահն ու ընդգծել, մեծ հարց է, արդյո՞ք մեր անվտանգությունը երաշխավորված է, թե՞ ոչ։
Նրա խոսքով, հենց այս իրավիճակը տեսնելով Ադրբեջանի նախագահն իրեն թույլ է տալիս նման հայտարարություններ անել՝ վիրավորելով մեր ժողովրդի ու երկրի արժանապատվությունը։
Ռոբերտ Քոչարյանը շեշտել է՝ մենք այն վիճակում ենք, որ ամեն օր պետք է ընդունենք, պատերազմի վտանգ կա, ամեն օր քայլեր պետք է ձեռնարկենք այդ վտանգից խուսափելու, այն չեզոքացնելու համար։
«Սա պետական խնդիր է։ Մեկ-մեկ ես ծանոթանում եմ այն օրակարգային հարցերի հետ, որոնք քննարկվում են խորհրդարանում կամ կառավարությունում, ուղղակի շշմում ես, ասում ես՝ էս ի՞նչ եք քննարկում այ ժողովուրդ, ինչի՞ մասին եք խոսում։ Առաջնահերթությունների հարցը իսպառ բացակայում է մեզ մոտ։ Հայաստանի իշխանությունը չի կարողանում տարբերել կարևորը ոչ կարևորից, առաջնայինը ոչ առաջնայինից»,- ընդգծեց ՀՀ երկրորդ նախագահը։
ՀՀ երկրորդ նախագահի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է այդ հանդիպումից հատվածներ ներկայացնող տեսանյութը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանն իր աջակիցների հետ հանդիպմանը հերթական անգամ փաստել է արժանապատիվ խաղաղություն հաստատելու պատրաստակամությունը
- Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է ՄԻՏՔ Ազգային Խորհուրդ ՀԿ ներկայացուցիչ մտավորականների հետ
- Ռոբերտ Քոչարյան. Ես չեմ տեսնում որևէ մեկին, որ կարող է գլուխ հանել այս բարդ իրավիճակում