«Հրապարակ». Նոր ոճ նիկոլական լրագրության մեջ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլի Հանրային հեռուստաընկերությունում ամեն ինչ հնարավոր է: Ապրիլի 3-ին պատրաստված մի ռեպորտաժ՝ եթեր հեռարձակվելուն պես, վայրկենական ջնջվել է յութուբյան տիրույթից և Ֆեյսբուքից: Այն նվիրված է եղել ապրիլյան և ղարաբաղյան վերջին պատերազմում զոհված սիսիանցիների հիշատակին: Մեր տեղեկություններով, թողարկումը հանվել է, որովհետև կադրերում 2 անցանկալի անձ է երևացել՝ «Սիսական» ջոկատի հրամանատար, Փաշինյանի կոշտ քննադատ Աշոտ Մինասյանը և Սիսիանի եկեղեցու հոգևոր հովիվը, որը Փաշինյանին դուրս հրավիրեց եկեղեցուց: Ռեպորտաժը եթերից հանվել է, որ Փաշինյանը հանկարծ, մեր աղբյուրի բառերով, «չտեսնի ու գժվի»: Ահա, այս պայմաններում են աշխատում հանրայինի լրագրողները:
Իսկ մեր գործընկեր Լուսինե Բարսեղյանի՝ Սյունիքի դեպքերի մասին երեկվա ռեպորտաժը դիտելիս մտածում ես՝ ո՞վ է Հայաստանում հավատում, որ ընդդիմադիր մարզի 5 կարևոր համայնքների՝ Ագարակի, Մեղրիի, Կապանի, Քաջարանի, Գորիսի համայնքապետերը` բոլորը հանցագործ են ու խուլիգան: Որպես ապացույց՝ ներկայացվում էին հատվածներ դատախազության հարուցած քրեական գործերից: Ագարակի նախկին համայնքապետը 3 մլն դրամի վնաս է հասցրել համայնքին, Քաջարանի քաղաքապետը մարդ է առևանգել ու կրակել ոտքին, Գորիսինը հողեր է զավթել, ապօրինի շինություններ է թույլ տվել, մարդ է ծեծել և այլն: Ոչ թե քաղաքապետեր, այլ՝ մի ամբողջ բանդա: Իհարկե, նրանցից ոչ մեկի կամ փաստաբանների կարծիքը ներկայացված չէ: Սա նոր ոճ է նիկոլական լրագրության մեջ, որը մերժում է «անմեղության կանխավարկած» հին ու ծիծաղելի հասկացությունը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: