Արթուր Վանեցյան. Քաղաքական դաշտը ես բաժանում եմ երկու մասի
««Հայրենիք» կուսակցությունը հայտարարել էր, անկախ մեր կամքից, եթե լինեն ընտրություններ ու Նիկոլ Փաշինյանը շարունակի պաշտոնավարել, ապա կուսակցությունը մասնակցելու է դրանց»,-Ծիծեռնակաբերդի բարձունքում պատասխանելով հնարավոր արտահերթ ընտրությունների մասնակցության վերաբերյալ լրագրողների հարցերին՝ հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նա նկատեց, այս պահին ընտրություններ դեռ հայտարարված չեն, ֆեյսբուքյան գրառումը հիմք չէ ընտրություններ անցկացնելու համար։
«Կարծում եմ՝ առաջիկա օրերին կհանգուցալուծվի այդ հարցը, մենք կունենանք, երևի թե կունենանք արտահերթ ընտրություններ»,- ասաց Վանեցյանը։
Թե ի՞նչ ձևաչափով է մասնակցելու կուսակցությունն առաջիկա ընտրություններին, քաղաքական ուժի ղեկավարը զերծ մնաց հայտարարություններից, ասաց՝ ընթանում են քննարկումներ տարբեր կուակցությունների հետ, ընտրությունների նշանակումից հետո հստակ հայտարարություն կարվի։
Իշխանությունների հետ համագործակցության վերաբերյալ լուրերը Վանեցյանը ստահոդ որակեց, որոնք կապ չունեն իրականության հետ։
«Քաղաքական դաշտը ես բաժանում եմ երկու մասի, կա քաղաքական ուժերի ու անհատների մի խումբ, որոնք հակաիշխանական են, ժողովրդական լեզվով ասած՝ հականիկոլական ու կա մի խումբ, որ իշխանությունների հետ են։ «Հայրենիք» կուսակցությունը, և անձամբ ես ինձ տեսնում եմ հակաիշխանական ճամբարում։ Թե հակաիշխանական որ ուժի հետ կհամագործակցենք, որ ուժի հետ կմիավորվենք, այս պահին էական բան չի փոխի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Հայրենիքի փրկության շարժումը կարողացավ լուծել իր առաջ դրած խնդիրներից մի քանիսը, մի քանիսը չկարողացավ, դրանից մեկն էլ առանց Նիկոլ Փաշինյանի ընտրությունների անցկացումը։
Շարժման մաս կազմող կուսակցության ղեկավարի խոսքով, շարժումը հասել է իր նպատակին՝ քանի որ ժողովրդի մեջ կա այս իշխանություններից ազատվելու մոտեցում։
Անդրադառնալով հարցին, թե վերջին անգամ ե՞րբ է հանդիպել Ալեն Սիմոնյանին, Վանեցյանը պատասխանեց նրան հանդիպել է մի քանի ամիս առաջ, բայց վերջինը բանագնացի կարգավիճակ չի ունեցել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան