Ես հայ չեմ, ոչ էլ հայկական ծագում ունեմ, սակայն այս պահին սիրտս հայի սրտի պես է բաբախում. Ժերար Լարշե
«Աշխարհում քիչ են այս հուշահամալիրին համարժեք վայրերը։ Ցեղասպանությունը տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ, սակայն նրա զոհերն այստեղ են՝ մեզ հետ»,- այսօր Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված արարողության ժամանակ ասաց Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն։
Նա նշեց, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտք է գործել հուզմունքով լի՝ ծանոթ լինելով հայ ժողովրդի հետ կատարվածին։
«Ես վստահ եմ, որ այստեղից մարդիկ փոխված են հեռանում։ Ժողովրդավարական հասարակություններում պահեր կան, երբ քաղաքական տարակարծությունները փոխում են իրենց իմաստը։ Եվ այսօր մենք այստեղ ենք՝ Սենատի տարբեր հանձնաժողովների նախագահների հետ միասին՝ փաստելու այդ հանգամանքը։ Ես հայ չեմ, ոչ էլ հայկական ծագում ունեմ, սակայն այս պահին սիրտս հայի սրտի պես է բաբախում»,- ընդգծեց նա։
Ժերար Լարշեն նկատեց՝ Ծիեռնակաբերդում անցյալն արձագանքում է ներկային. հուշահամալիրը սովորեցնում է, որ ռազմական գործողությունները, եթե անգամ հաջող ընթացք են ունենում, հաղթանակ չեն բերում։
«Այն հարձակումը, որին վերջերս ենթարկվեցին հայերը, և որն ուղեկցվում էր ատելությամբ, բռնությամբ ու վայրագություններով, սրբավայրերի պղծմամբ և ավերմամբ, թող այստեղ գտնեն այն պատասխանները, որոնք մարտահրավեր են անցյալից։ Այդ դեպքում, երբ թվում էր, թե սպառնալիքը մարել է, այն կրկին բռնկվեց»,- ասաց նա։
Ըստ ֆրանսիացի գործչի, 1915-ից հետո բազմաթիվ հայեր ապաստան են գտել Ֆրանսիայում, և իրենք պատկերացնում են, թե որքան են պարտական այդ մարդկանց։
«20 տարի առաջ Ֆրանսիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Եվ մենք՝ եվրոպացի ֆրանսիացիներս երբեք չպետք է մոռանանք դա։ Մենք բոլորով միասին պետք է հիշենք մարդկային արժանապատվության և ժողովրդավարական արժեքների մասին։ Կեցցե Հայաստանի Հանրապետությունը»,- եզրափակեց խոսքը նա։
Հարակից հրապարակումներ`
- Հայոց ցեղասպանության անպատժելիությունը շարունակում է ոգեշնչել միջազգային նոր հանցագործություններ հրահրողներին. Այվազյան
- Հաղթական կամարի ներքո գտնվող կրակի նորացման արարողություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցն է