«Դաշնակցության» հիմնած իրավաբանական հիմնարկը գերիների հարցով դատ է հարուցել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ. Տեր-Խաչատուրյան
«Այսօր բոլորս ծանր սրտով ենք բարձրացել Ծիծեռնակաբերդ, որովհետև աղետալի պատերազմը ընկճել է հայ ժողովրդին, և կասկած չկա, որ ազդել է մեր բարոյահոգեբանական վիճակի վրա, բայց, որպես դաշնակցական, մեզ արգելված է վհատվել, և մենք նույն վճռականությամբ նվիրվելու ենք հայ դատի պայքարին, որի բաղկացուցիչ մեկ մասն է Ցեղասպանության պահանջատիրությունը»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:
Նրա խոսքով, այս պահին շատ սպասելի է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ցեղասպանության մասին հայտարարությունը, քանի որ մեծ աշխատանք է տարվել այդ ուղղությամբ։
«Մենք հսկայական բանակ ենք և հսկայական աշխատանքի շնորհիվ հասել ենք այս կետին: Ուրախ եմ, որ տքնաջան աշխատանքի շնորհիվ հասել ենք այս կետին։ Դեռ 2019-ին ԱՄՆ-ում Սենատը և Ներկայացուցիչների պալատն անցկացրել էին բանաձևը: Հուսանք՝ ճանաչումը կկայանա ԱՄՆ նախագահի մակարդակով, որը շատ կարևոր է, քանի որ Ամերիկայի օրենքով՝ երկրի արտաքին քաղաքականությունը երկրի նախագահի պատասխանատվության ներքո է»,- նշեց նա։
Ըստ ՀՅԴ-ական գործչի, այժմ Հայ դատը քայլեր է իրականացնում նաև այն ուղղությամբ, որ բացահայտվի Թուրքիայի ներգրավվածությունը Արցախյան վերջին պատերազմին։
«Ցավալի է, որ արտոնվեց Թուրքիային ներխուժել Կովկաս, նրանք մեծ ախորժակ ունեին, և այդ ախորժակը հիմա ուղղված է դեպի Հայաստան, և այդ առումով մենք մեծ անելիքներ ունենք: Մեծ անելիք ունենք նաև գերիների հարցով և «Դաշնակցության» հիմնած իրավաբանական հիմնարկը գերիների հարցով դատ է հարուցել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ: Գործնական իմաստով ունենք գերիների հարցը, պատերազմական ոճիրի հարցը և Ցեղասպանության ճանաչման հարցը»,- ներկայացրեց նա:
Անդրադառնալով Թուրքիայի նկատմամբ վերաբերմունքի վերանայման մասին ՀՀ իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին՝ Հակոբ Տեր-Խաչատուրյանն ասաց, որ նախկինում էլ, երբ հարաբերությունների լավացման քայլեր են արվել, իրենք խիստ հակազդել են։
«Մեզ համար խնդիրն այն չէ, որ սահմանները փակ կամ բաց են, Թուրքիան ինքն է փակել այս սահմանները, եթե ուզում է բացել, իր գիտենալիքն է, բայց որևէ զիջում հայկական կողմից չպետք է լինի: Եթե այս ընթացքով վերսկսվի հայ-թուրքական խաղաղության, հաշտեցման շրջան, մեզ համար բոլորովին մերժելի է: Խաղաղությունը մեկ օր պետք է հաստատվի, բայց դրա հիմնական նախապայմանը մեր կողմից պետք է լինի՝ Թուրքիայի կողմից իր պատմության հետ առերեսումը, Ցեղասպանության ճանաչումը և հատուցումը»,- շեշտեց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Միլիոնավոր մարդիկ սպանվել են պարզապես հայ լինելու պատճառով. 106 տարի է անցել, բայց մենք հիշում ենք». Գարիկ Մարտիրոսյան
- Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցն է
- Քվեբեկի ԱԺ-ն միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հիշատակող բանաձև
- Ֆրանսիայի Սենատի նախագահի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում կմասնակցի ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին