Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց առավել կարևորը Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելն է. Վերլուծաբան
«Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն ամեն անգամ հետաձգվել է աշխարհաքաղաքական և ԱՄՆ-ի տեսանկյունից` հասկանալի մի շարք այլ պատճառներով: Գործընթացը դանդաղ կերպով թաղվել է կամ տրվել մոռացության, երբ զարգանում էին հարաբերություններն ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև: Սակայն այս պահին առկա է երկկուսակցական աջակցություն, որի ընթացքը ղեկավարում է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ սենատոր Մենենդեսը»,- այս մասին Ամերիկայի Ձայն-ին տված հարցազրույցում ասել է Բոստոնի համալսարանի Միջազգային խաղաղության և հակամարտությունների հարցերով ծրագրի ղեկավար Հրաչ Գրեգորյանը:
«Ի հակադրություն նախորդ վարչակազմի, այսօր չկա անձնական կապ ԱՄՆ-ի նախագահի ու Թուրքիայի առաջնորդ Էրդողանի միջև: Ավելին, ԱՄՆ-ի նախագահը նախընտրական իր արշավի ընթացքում հաճախ է հանդես եկել ավտորիտար ղեկավարների մասին արհամարհական արտահայտություններով, և ակնարկել նաև Էրդողանին: Այնպես որ Հայոց ցեղասպանության ճանաչումը հեռու չէ»,- ասում է փորձագետն ու ավելացնում, որ այս հարցում սակայն չկա կախարդական փայտիկ, քանի որ նախկինում էլ համոզված ենք եղել, որ ճանաչումը հեռու չէ, ու բոլոր կանխատեսումները սխալ են դուրս եկել, այնպես որ, հարկավոր է պարզապես սպասել ու հուսալ։
Եթե Թրամփի վարչակազմն ընդհանրապես հետաքրքրություն չէր ցուցաբերում Հայոց ցեղասպանության հարցում, ապա ներկա վարչակազմը մեծ տեղ է տալիս ժողովրդավարությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը աշխարհի տարբեր հատվածներում:
«Դա խոսում է այն մասին, որ Հայոց ցեղասպանության հարցը դառնում է ավելի ցայտուն ու աղմկոտ»,- ասում է Հրաչ Գրեգորյանը:
Հարցին, թե արդյո՞ք ճանաչումից հետո վեր կհանվի փոխհատուցման պահանջը, վերլուծաբանը պատասխանում է, ասելով, թե փոխհատուցման հարցը հնարավոր է առաջ քաշել միջազգային օրենքներով ու միջազգային դատարանների միջոցով:
«Սակայն այս պահին առավել կարևորը Ցեղասպանության ճանաչման խորհրդանիշն է: Ինչ վերաբերում է Հայաստանի աշխարհաքաղաքական և քաղաքական ներկա իրավիճակին, ապա պետք է ասել, որ դրանք դեռևս թույլ չեն տալիս խոսել փոխհատուցման մասին»,-ասում է Գրեգորյանը։
Նրա խոսքերով, Հայաստանն այսօր կանգնած է գոյատևելու հարցում սպառնալիքի առջև:
Այսօր, երբ տարաձայնություններ կան ԱՄՆ-ի ու Թուրքիայի, Ռուսաստանի հետ հարաբերությունների, Սիրիայում իրականացվող գործողությունների բնագավառներում, ապա Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարելի ասել, որ բացասաբար չի անդրադառնա թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:
«Ու եթե Ցեղասպանության ճանաչումը դանդաղ ընթացք ստանա, Անկարան կարող է ձեռնարկել քայլեր Վաշինգտոնի հետ հարաբերություններում դրական փոփոխություններ իրականացնելու համար: Այժմ արդեն իսկ նկատվում են Բայդենի նկատմամբ Թուրքիայի կողմից դրական արտահայտություններ, սակայն Բայդենը լավ է հիշում նախընտրական պայքարի ընթացքում ինչպես էր Անկարան պաշտպանում Թրամփին: Այնպես որ, չեմ կարծում, որ մոտ ապագայում հարաբերությունները կարող են բարելավվել ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև»,-ասում է վերլուծաբանը։
Կոնֆլիկտաբան Հրաչ Գրեգորյանը նորից շեշտում է. «Որքան էլ կարևոր է Ցեղասպանության հարցը, այսօր ավելի մտահոգված եմ ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքների հարցում: Եթե վաղը Ռուսաստանն ու Թուրքիան ցանկանան գրավել Հայաստանը, դա կարող են անել մեկ օրվա ընթացքում: Այսինքն ուզում եմ հարց տալ, աշխարհում այն ո՞ր պետությունն է, որը կպաշտպանի Հայաստանի ինքնիշխանությունը Միացյալ Նահանգներից բացի»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան