«Հրապարակ». Արցախում կամայական որոշումներ կայացնելով իշխանությունները կախման մեջ են գցում քաղաքացիներին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախի իշխանությունները կրնկակոխ հետևում են հայաստանյան ավանդույթներին և կամայական որոշումներ կայացնում՝ իշխանությունից քաղաքացիներին կախվածության մեջ գցելով։ Մարտի 17-ին Արցախի կառավարությունն անհասկանալի որոշում է կայացրել՝ պատերազմից հետո հերթական աջակցության ծրագրով, սահմանելով, որ եթե ընտանիքի համատեղ բնակվող անդամներից մեկը՝ ամուսին, ծնող, զավակ, խուսափել է պատերազմին մասնակցելուց, ապա ընտանիքը չի կարող օգտվել վարկային աջակցությունից։
Դիցուք, եթե եղբայրներից մեկը մասնակցել ու զոհվել է պատերազմում, իսկ մյուսն իր ընտանիքին փախցրել է Արցախից, ապա նրանց ծնողները չեն կարող վարկային արտոնությունից օգտվել։ Արցախում սա կամայական և նվաստացուցիչ որոշում են համարում, փաստացի կառավարությունը նման ծնողներին ոչ թե որպես հերոսի, այլ դասալիքի ծնող է ընկալում։
Մինչդեռ դասալքության համար օրենքով պատիժ է սահմանվում, և դրանով կարող է փակվել այդ հարցը։ Այս որոշման ենթատեքստն այն է, որ նման ընտանիքները դիմեն իշխանությանը, վերջիններս ընդառաջեն, և ստացվի, որ իշխանությունը լավություն է անում նման ընտանիքներին, և դրանով կախման մեջ են գցում մարդկանց»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում